Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով տուժող է ճանաչվել նաև 2-րդ անձը
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով երկրորդ տուժող է ճանաչվել Մուշեղ Զաքարյանը: Վերջինը, հիշեցնենք, գործով մյուս տուժող Հարություն Զաքարյանի եղբայրն է:
Իրավապահ մարմիններում Panorama.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ եթե մինչ այժմ Մուշեղ Զաքարյանը խուսափում էր մասնակցել քննչական գործողությունների, ապա երեկ նա մասնակցել է հարցաքննության, քննիչներին պատմել կատարվածը:
Հիշեցնենք, որ մինչ այդ այս գործով տուժող էր ճանաչվել միայն Մուշեղի եղբայրը` Հարությունը, որի մոտ ախտորոշվել էր «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք»: Նրա հարազատներն այժմ նրան տեղափոխել են Ռուսաստանի Դաշնությունը` համալիր բուժումը կազմակերպելու նպատակով:
Մայիսի 14-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից։ Մեր տեղեկություններով, դրանք Տիգրան Խաչատրյանն ու Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին են: Նրանք երկրից հեռացել են իրավապահների կողմից այս գործով որպես վկա հարցաքննության մասնակցելու մասին ծանուցագիրն ստանալուց հետո. մայիսի 2-ին դեպքը կատարվել է, ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվել, դատախազությունը քրեական գործը հարուցել է մայիսի 4-ին, հետո գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, իսկ հարցաքննության ներկայանալու ծանուցագիրը Խաչատրյանին ուղարկվել է մայիսի 6-ին: Ստացվում է` ծանուցագիրն ստանալուց հետո երկրից հեռանալով Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին անուղղակիորեն ընդունում են իրենց մեղքը, հակառակ պարագայում կներկայանային իրավապահներին ու հանգիստ խղճով կներկայացնեին եղելությունը:
Նշենք, որ առայժմ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հետախուզում չի կարող հայտարարվել, քանի որ նա գործով անցնում է որպես վկա և ոչ թե մեղադրյալ: Մեզ հետ զրուցած իրավապահները գրեթե վստահ են, որ Սուրիկ Խաչատրյանը քննչական մարմիններին կներակայացնի որդուն, քանի որ ստեղծված նման վիճակը Խաչատրյանների շահերից չի բխում:
Առայժմ պաշտոնապես հայտարարվում է, որ նախաքննական մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն, քրեական գործով նախատեսված գործողությունների և միջոցառումների քննչական պլանի համաձայն, իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար: