Թեհրանում ՀՀ դեսպանը պարզաբանել է, թե ինչու չի կառուցվում Իրան-Հայաստան երկաթգիծը
«Վստահ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կկառուցի հայ-իրանական սահմանին մոտ գտնվող 60 կիլոմետրանոց երկաթգիծը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Դեսպան Թումանյանը, անդրադառնալով հայ-իրանական երկկողմ նախագծերի իրականացման ընթացքին, նշել է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու՝ Վրաստանի սահմանից մինչև Մեղրի ընկած հատվածի շինարարությունն ընթացքի մեջ է: Հայաստանը կարող է Պարսից ծոցի տարածաշրջանը Վրաստանի տարածքով կապել Սև ծովին:
Դեսպանի խոսքով՝ նախատեսվում է Իրանի և Հայաստանի սահմանին կառուցել մեծ տերմինալ, որի շահագործումը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:
Այն հարցին, թե ի՞նչն է խոչընդոտում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը՝ դեսպան Թումանյանը նշել է. «Անհրաժեշտ է կառուցել մի քանի հարյուր կիլոմետրանոց երկարությամբ երկաթգիծ, դրա կառուցման համար միլիարդավոր դոլարների ներդրումներ են անհրաժեշտ, այն ժամանակ, երբ կլուծվի ֆինանսավորման հարցը, այդ ժամանակ էլ այն կկառուցվի»:
Շարունակելով խոսքը՝ Ա. Թումանյանը հավելել է. «Վստահ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կկառուցի հայ-իրանական սահմանին մոտ գտնվող 60 կիլոմետրանոց երկաթգիծը, սակայն միևնույն ժամանակ հասկանալի է, որ Իրանը պատժամիջոցների է ենթարկված և ներկայում դրա կառուցումն իրանցիների համար դժվարություն է ներկայացնում»:
Իրանում Հայաստանի դեսպանը, անդրադառնալով Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցության հեռանկարներին և այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի ունեցած դերը, նշել է. «Հայաստանը ցանկանում է Իրանին կապել Եվրասիական տնտեսական միությանը. ԵԱՏՄ-ի անդամ երկրները ևս հակված են ընդլայնել իրենց համագործակցությունն Իրանի հետ»:
Անդրադառնալով Մեղրիի ՀԷԿ-ի և երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, դեսպան Թումանյանն ասել է. «Ներկայում երկու երկրների կառավարություններն էլեկտրահաղորդման գծի գործարկման և ՀԷԿ-ի կառուցման շուրջ բանակցություններ են վարում: Դեսպանի խոսքով՝ երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումից հետո Հայաստանն Իրանից ներկրվող գազի ծավալները կմեծացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան