Ինչու է Լյովիկ Զուրաբյանը ջանասիրաբար ՀԱԿ-ը մղում պատմության աղբանոց
Վերջին մեկ ամսում մամուլն ուղղակի հեղեղված է ՀԱԿ-ի ներսում ու մանավանդ՝ զուրաբյանական վերնախավում տիրող հոռի բարքերի մասին վկայող հրապարակումներով ու հայտարարություններով:
Ցանկացած քաղաքական ուժ, իսկ ՀԱԿ-ը, չնայած Լևոն Տեր-Պետրոսյան-Լյովիկ Զուրաբյան տանդեմի հետևողական ջանքերին, դեռ համարվում է քաղաքական ուժ, նման մեղադրանքների պարագայում ուղղակի ցնցումների մեջ կընկներ: ՀԱԿ-ի դեպքում նույնպես նկատվում են այդ ցնցումներն ու հոգեվարքի ջղակծկումները: Փաստացի, ՀԱԿ-ը արդեն իսկ հայտնվել է աղբանոցում: «Քաղաքակա՛ն աղբանոցում», որից ընդամենը մեկ քայլ է դեպի պատմության աղբանոցը, և որի հաստատուն ճամփան էլ բռնել է մարդ-կուսակցությունների խայտաբղետ կարկատան հիշեցնող այս կազմավորումը:
ՀԱԿ-ին քաղաքական ու նաև պատմության աղբանոց մղելուն նպաստող հանգամանքներից առաջինը վերաբերում է տերպետրոսյանա-հհշական վերնախավի առանձին ներկայացուցիչների իշխանական անցյալին, հատկապես՝ այդ հողի վրա ծագած լուրջ տարաձայնություններին:
Մասնավորապես, վերջերս, երբ կազմակերպչական ու կուսակցական որոշ ծախսեր կատարելու համար N չափի գումար է պահանջվել, ՀԱԿ-ի մի քանի ներկայացուցիչների միջև լեզվակռիվ է սկսվել: Բանն այն է, որ երբ խոսք է բացվել կոնկրետ երկու ՀԱԿ-ականների կողմից այդ գումարն ապահովելու մասին, վիճաբանություն է ծագել: Վիճաբանողները (որոնց անունները չենք նշում` մեր աղբյուրի անվտանգության նկատառումից ելնելով) սկսել են մեկը մյուսին հիշեցնել, թե նրանցից յուրաքանչյուրը հատկապես ի՞նչ ու ինչքա՞ն է «կերել» ՀՀՇ իշխանության տարիներին: Հատկապես թունդ արտահայտություններ են բաժին հասել, որքան էլ ոմանց առաջին հայացքից տարօրինակ թվա, Լյովիկ Զուրաբյանին ՝ «Ալֆա» բանկի խորհրդավոր գործունեության հետ կապված: Փաստորեն, գոնե յուրայինների կողմից, ոչինչ չի մոռացվում:
Այսպես որ գնա, վայ թե մի օր էլ Տեր-Պետրոսյանը ստիպված լինի անդրադառնալ այն վարկածին, թե կոնկրետ ով է սովետական Կա-Գէ-Բէ-ի ագենտ «Սոկրատը»:
Հաջորդ հանգամանքը, որ հանրությանը շատ ավելի հայտնի է, վերաբերում է ՀԱԿ ներսում առանցքային դերակատարում ստացած կամ դրան ձգտող որոշակի անձանց, մասնավորապես, Լյովիկ Զուրաբյանին: Չնայած Լ.Տեր-Պետրոսյանը ու նրա վստահելիները ճգնում են հնարավորինս խուսափել լրացուցիչ աղմուկից, սակայն տեղեկությունների արտահոսք պարբերաբար լինում է: Փաստ է, որ մամուլում շրջանառվեց ՀԱԿ-ում Լյովիկ Զուրաբյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած քաշքշուկի մասին պատմությունը: Կռվախնձորը ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցության հարցն է: Լյովիկ Զուրաբյանը «վիզ դրած» ՀԱԿ-ը մղում է ԲՀԿ-ի գիրկը, իսկ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և նրանց հետ էլի 1-2 հոգի, ՀԱԿ-ի գոնե պատիվն ու անունը փրկելու հուսահատ ջանքեր են գործադրում:
Բայց այստեղ էլ խնդիրը զուտ քաղաքական կողմնորոշումները չեն, այլ նաև… փողը: ՀԱԿ-ամերձ շրջանակները ակտիվորեն խոսում են այն մասին, որ ԲՀԿ-ն վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ նաև լուրջ գումար է հատկացրել ՀԱԿ-ին: Եվ ահա, այդ գումարը բավականին ինքնատիպ ձևով է ՀԱԿ-ում տնօրինվել: Իսկ տնօրինողն էլ եղել է ոչ այլ ոք, քան Լյովիկ Զուրաբյանը: Ու քաշքշուկը ծագել է, երբ նրան հիշեցրել են պակասող մի քանի տասնյակ հազարի մասին:
ՀԱԿ-ի ներքին քայքայման մեկ այլ հանգամանք է Լյովիկ Զուրաբյանի «տուզիկ» քարոզչությունը: Բանն այն է, որ ՀԱԿ առաջնորդի կողմից հենց նա է նշանակվել ՀԱԿ քարոզչամիջոցների ընդհանուր պատասխանատու: Սակայն Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ը ոչ միայն չի ենթարկվում նրա կարգադրություններին, այլև լրիվ առանձին քաղաքականություն է վարում` զարգացնելով պատգամավոր դարձած իր նախկին խմբագրի գիծը ու խորքային քննադատության ենթարկելով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր «ամուսնությունը»:
Լ.Զուրաբյանին հունից հանում է հատկապես այն, որ ներքին հակառակորդը տիրապետում է ՀԱԿ առանձին ներկայացուցիչների կերպարը, մեղմ ասած, բացասական երանգներով պատկերող որոշակի ներքին տեղեկատվության, որը սպառնում է հանրության սեփականությունը դարձնել առաջին հարմար առիթով:
Այդ ներքին հակասությունների արտահայտություններից մեկն էլ այն էր, որ «Մարտի 1-ի» զոհերի հարազատները «Հայկական ժամանակ»-ում հայտարարեցին, որ բոլորը, այդ թվում՝ ՀԱԿ-ը, մոռացել են իրենց մասին ու հիշում են զուտ քաղաքական ինչ-ինչ նպատակահարմարությունից ելնելով:
Իհարկե, Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ ներքին ՀԱԿ-ասություններին չմիջամտելու դեպքում հանրությանը հայտնի կդառնան իր ստեղծած կառույցի ներսում տիրող անառողջ հարաբերությունների նոր մանրամասներ, բայց առայժմ ստիպված է լռություն պահպանել:
Նախ, եթե նա հիմա որոշակի բան խոսի, ապա կարող է խափանել ԲՀԿ-ի հետ ենթադրյալ համագործակցությունը: Եվ հետո, Լ. Զուրաբյանը նրան որոշակի տեղեկատվական բլոկադայի մեջ է պահում՝ օգտվելով առիթից, որ մյուս ուժերի հետ բանակցություններն ու քննարկումները հիմնականում ինքն է վարում:
Եթե ի մի ենք բերում այս ամենը, ակնհայտ է դառնում, որ ՀԱԿ-ը վաղուց արդեն դադարել է մեկ ամբողջական կառույց-կազմակերպություն լինելուց և վերածվել է մի ակումբի, որտեղ կոնկրետ մի քանի հոգի իրենց ինտրիգներն են հյուսում և, քաղաքական հավակնություններ դրսևորելով, փորձում են «սպոնսորական» գումարներ «կպցնել»: Երկրորդ՝ ՀԱԿ-ը զուգահեռաբար, կորցրել է իր ընտրազանգվածը, այն «նվիրաբերելով» ԲՀԿ-ին ու ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ից հեռացածներին: Երրորդ՝ ՀԱԿ-ը ամբողջության մեջ չունի որևէ հստակ քաղաքական նպատակ, ծրագիր ու դրանք իրականացնելու մարտավարություն:
Այսքանից հետո, ինչպես վերը ասվեց, ՀԱԿ-ին մնում է 1 քայլ կատարել ու քաղաքական լուսանցքից հայտնվել պատմության աղբանոցում, որպես օգտագործված, խզբզված ու ցանկացած առումով արդեն անպետք թղթի կտոր:
Եվ այդ հարցում հատուկ շնորհակալություն իշխանությունները պետք է հայտնեն, փաստորեն, իրենց մտադրությունները առաջ մղող Լյովիկ Զուրաբյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան