Կասեցվել է երեխաների համար վտանգավոր մանկական տակդիրների և խաղալիքների վաճառքը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքում կասեցվել է «Նառ-Առ» ընկերության կողմից ներկրված «Բեյբիկո» մանկական տակդիրների վաճառքը: Միաժամանակ ընկերությունը կասեցրել «Մ.Վ. Քեմիքլ» ընկերության կողմից ներմուծված «Ռոզի» կանացի հիգիենայի պարագաների և «Տունտունիկ» ընկերության ներկրած խաղալիքների վաճառքը:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը:
Նրա խոսքերով` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներկրված մանկական տակդիրներում PH-ի փոփոխությունը (թթվահիմնային միջավայրի փոփոխություն) և ֆորմալդեհիդների պարունակությունը չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին:
Լ.Խալիկյանը հայտնեց նաև, որ «Տունտունիկ» ընկերության կողմից Հայաստան ներկրված ոչ մի խաղալիք չի համապատասխանել ստանդարտներին, անվտանգության պահանջներին: Արդյունքում, ըստ նրա, ինչպես ներկրված խաղալիքների, այնպես էլ մանկական տաքդիրների և կանացի հիգիենայի պարագաների ողջ խմբաքանակը շուկայից հանվել է և ոչնչացվել: «Տեսչությունը հաճախ է իրականացնում ստուգումներ այս ուղղությամբ: Իսկ խաղալիքների ստուգման առումով մեր տեսչությունը կատարում է հսկայական աշխատանք: Մենք ոչ միայն ստուգումներով ենք սահմանափակվում, այլև կիրառվում են տուգանքներ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափից մինչև վաճառքի կասեցում»,- նշեց Լ.Խալիկյանը:
Նրա խոսքերով` խաղալիքների ոլորտը միշտ էլ իրենց ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ դա անմիջական կապ ունի երեխաների հետ: «Խաղալիքների շուկան միշտ աշխուժանում է Նոր տարվա նախաշեմին, քանի որ այդ ժամանակ վաճառքը կրկնապատկվում է, իսկ ռիսկերն էլ՝ ավելանում: Այդ ժամանակ Հայաստան են ներմուծվում բավականին մեծ թվով խաղալիքներ, որոնք չեն սերտիֆիկացվում»,- ասաց Լ.Խալիկյանը` հավելելով, որ Նոր տարվա նախաշեմին խիստ վերահսկողություն են իրականացնելու ինչպես խաղալիքների, այնպես էլ պայթուցիկ նյութերի վաճառքի շուկայում: Հայտնաբերելու դեպքում, ըստ նրա, ամբողջ խմբաքանակը ոչնչացվելու է:
«Բոլոր ծնողներին հորդորում եմ ուշադիր լինել: Մի գնեք ներկի կամ այլ տհաճ հոտ ունեցող խաղալիքներ: Անպայման պահանջեք սերտիֆիկատը, եթե տվյալ խանութը չունի սերտիկֆիկատ, ապա ձեռք չբերեք ապրանքը: Մենք անդադար աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սպառողն էլ պետք է տեր կանգնի իր իրավունքին, եթե միասին չպայքարենք, ապա մեր ամբողջ աշխատանքն անօգուտ կլինի»,- ասաց Լ.Խալիկյանը:
Նա նշեց, որ թեժ-գծով բազմաթիվ բողոքներ են ստանում խաղալիքների որակի հետ կապված: Բողոքների հիման վրա իրականացրած ստուգումների արդյունքում պարզում են, որ դրանք հիմնականում գնվել են գետնանցումներից: Լ.Խալիկյանը խորհուրդ է տալիս ծնողներին խաղալիք չգնել փողոցային կրպակներից կամ գետնանցումներից, այլ բացառապես մասնագիտացված խանութներից: «Ընդունում եմ, որ գետնանցումներում խաղալիքները համեմատաբար էժան են, բայց մանսագիտացված խանութներում վաճառվում են հայկական արտադրության խաղալիքներ, որոնք մատչելի են և ամենակարևորը` անվտանգ: Երեխաների համար չարժե ոչինչ խնայել»,- նշեց Լ.Խալիկյանը: