Պատիվը չի կարող 3 մլն արժենալ. «Ժողովուրդը» բողոքարկում է դատավոր Ափինյանի որոշումը
«Ժողովուրդ»օրաթերթի փաստաբան Հարություն Բաղդասարյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն կներկայացնի` բողոքարկելու նույն դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի որոշումը խմբագրության գույքի վրա արգելանք դնելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց օրաթերթի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ թերթում հրապարակված մի տեղեկության հետքերով «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանը իր պատվի և արժանապատվության դեմ ուղղված վիրավորանքի գործով հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով 3 մլն դրամի փոխհատուցում: Իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանն էլ որպես հայցի ապահովման միջոց, որոշել էր օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնել:
«Օլիգարխի համար, ստացվում է` էականը դառնում է ոչ թե պատիվն ու արժանապատվությունը, այլ գումարը», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Բաղդասարյանը` ընդգծելով, որ ինքը թերթին դատի տալու մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նրա խոսքով, նախընտրական շրջանում, երբ թերթի գործունեությունն ուղղակի անհրաժեշտություն է, աշխատելու հնարավորություն չեն տալիս, «որպեսզի ընդդիմադիր հոդվածներ չտպագրվեն»:
Նշենք, որ նույն հրապարակման հետքերով «Ժողովուրդ»-ի լրագրողը փորձել էր մեկնաբանություններ ստանալ Խաչիկ Խաչատրյանից, սակայն լրագրողի հարցերին ի պատասխան Խաչատրյանը վիրավորել էր լրագրողուհուն, ասելով. «Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ոնց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»:
Լրագրողին հասցված վիրավորական արտահայտության համար «Ժողովուրդ»-ը օրաթերթը դեկտեմբերի 28-ին դիմել էր դատարան` Խաչատրյանից պահանջելով ընդամենը ներողություն խնդրել օրաթերթից և լրագրողից առանց գումարային պահանջ ներկայացնելու:
«Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ պատիվն ու արժանապատվությունը հնարավոր չէ գումարով հաշվել` դա լինի 3 մլն, թե երեք լումա: Եթե պատիվն ու արժանապատվությունը գումարի ես վերածում, դրանք անարժանապատիվ են դառնում: Մենք մեր հայցով գումար չենք պահանջել, այլ ընդամենը ներողություն ենք պահանջել խնդրել», -հավելեց փաստաբանը:
Բացի դատավորի որոշումը բողոքարկելուց, «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը որոշել է հունվարի 30-ին ժամը 11:30-ին Աբովյան 22ա հասցեից բողոքի երթ կազմակերպել մինչև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Խմբագրությունից տեղեկացնում են, որ երթի նպատակն է պահանջել, որպեսզի դատարանի կողմից հանվի «Ժողովուրդ» թերթի գույքի վրա դրված արգելանքը, այլապես թերթը կարող է կանգնել փակվելու վտանգի առջև:
Երթին արդեն իսկ իրենց մասնակցության մասին են հայտնել մի խումբ լրագրողներ, հասարակական, մշակույթային և քաղաքական գործիչներ: