«Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը պնդում է` մարդասպաններ են, իսկ պաշտպանը առարկում
«Դրանք մարդասպաններ են, Ռազմիկ Սարգսյանն էլ իր ինքնախոստովանական ցուցմունքում այդ մասին բացահայտ ասում է: Իմ որդուն սպանողներն իրենք են», -այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկած «Մատաղիսի գործ»-ով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վճռի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ հայտարարեց տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը:
Տիկին Մելքոնյանը Մատաղիսի զորամասում 2004-ին սպանված Ռոման Եղիազարյանի մայրն է: Նրանք ապրում են Թալինի շրջանի գյուղերից մեկում և դատարան էր եկել ամուսնու եղբոր` Արթուր Եղիազարյանի հետ:
Նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը ստիպված էր ընդհատել տիկնոջը և տեղեկացնել, որ նրանք մարդասպաններ չեն կարող լինել` առաջին ատյանի դատարանը արդարացրել է նրանց: «Միևնույնն է` ինձ համար նրանք մարդասպաններ են», պնդեց կինը` ներկայացնելով վերաքննիչ բողոքի հիմքերը: Նա հայտարարեց, որ իր համար ամենագլխավոր ապացույցը Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որտեղ նա պատմել է ամեն ինչ` սկզբից մինչև վերջ:
Այս գործով վերաքննիչ բողոք ներկայացրել են ոչ միայն տուժողի իրավահաջորդները, այլ նաև զինվորական դատախազությունը: Մեղադրող դատախազ Անդրանիկ Շահինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «ակնհայտ անարդարացի» դատավճիռ է կայացրել: «Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքները արժանահավատ են ու դրանք չեն տրվել խոշտանգումների և բռնությունների հետևանքով», -հայտարարեց Շահինյանը` հավելելով, որ առանձին քննություն է կատարվել և պարզվել է, որ խոշտանգում չի եղել:
Նկատենք, որ վերաքննիչ բողոք ներկայացրած երկու կողմերն էլ` և տուժողի իրավահաջորդը, և Զինվորական դատախազությունը իրենց բողոքում հիմնականում հիմնվել են Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա:
Երկու կողմի վերաքննիչ բողոքների դեմ առարկություն ներկայացրեց այս գործով երեք արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի պաշտպան Հայկ Ալումյանը և հիշեցրեց գործում առկա ինքնախոստովանական մեկ այլ ցուցմունք` «Մատաղիսի» զորամասի մեկ այլ զինծառայող Արման Գրիգորյանի ցուցմունքները:
«Արման Գրիգորյանը, որը երկայումս այս ործով անցնում է որպես վկա, ժամանակին նույնպես խոստովանել է հենց այս սպանություններին մասնակցելու մեջ: Ընդ որում, որպես սպանության համակատարողներ, նա մատնանշել է բոլորովին այլ անձանց և սպանության բոլորովին այլ շարժառիթներ ու հանգամանքներ: Եթե Ռազմիկ Սարգսյանի խոստովանությունը ճիշտ է, ուրեմն սուտ է Արման Գրիգորյանի խոստովանությունը կամ էլ հակառակը», -ներկայացնելով առարկությունը հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Շարունակելով ներկայացնել Արման Գրիգորյանի խոստովանական ցուցմունքը, Ալումյանը հայտարարեց, որ այդ ժամանակ զինծառայողը հայտնել է, որ սպանությունը կատարել են Վահե Հովհաննիսյանը, Սամվել Պողոսյանը Եգոր Ղևոնդյանը և Երվանդ Պետրոսյանը: Հետագայում այս անուններին ավելացել է հրամանատար Իվան Գրիգորյանի անունը: «Այս վկան իր հոր և իր եղբայրների ներկայությամբ ռազմական ոստիկանությունում հայտնել է, որ ինքը նույնպես մասնակցել է սպանության գործին և ասել, որ ինքն է սպանված զինվորներին ջուրը գցել», -նշեց Հայկ Ալումյանը` նկատելով, որ մեղադրող կողմը հետագայում որոշել է, որ այս վկան ոչ մի կապ չունի սպանության հետ:
Տղաների պաշտպանը նկատեց, որ Վճռաբեկ դատարանը իր նախորդ (2006 թվականին) որոշման մեջ ի շարք պատճառաբանություններ է նշել ու նկատել, որ եթե դրանք չպարզվեն գործով վերջնական հետևությունների հնարավոր չէ գալ: «Մեղադրող կողմը սակայն, իր վերաքննիչ բողոքում գրել է այն, ինչը մինչև այսօր կատարվել է: Գոնե դրան մի վառ ապացույց լիներ», -հավելեց Ալումյանը` նկատելով, որ որևէ ապացույց չկա:
Ի դեպ, Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը տեսանկարահանվել է, և Հայկ Ալումյանը դատարանին ցույց տվեց Ռազմիկ Սարգսյանի նկարներից մեկը, որն արվել էր մինչ այդ ու նկատեց, որ այդ լուսանկարում Ռազմիկը նիհար է, քան ցուցմունքը տալու ժամանակ: «Այնքան են ծեծել, որ ամբողջ դեմքն ուռել էր», -նկատեց Ալումյանը:
Վերաքննիչ բողոքների ու դրանց դեմ պաշտպանական կողմի առարկությունների ներկայացումից հետո նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանի որոշմամբ այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 25-ը ժամը 14:00-ն:
Նախորդող հրապարակում. Ոչ թե ամբաստանյալներ, այլ` արդարացվածներ. «Մատաղիսի գործ»-ով փաստաբանը ուղղում է դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան