Հարկային բեռը խեղդում է Ներքին Կարմիրաղբյուրում «գյուլլի տակ» բիզնես դրած գործարարին. Պետությունն արտոնություն չի տալիս
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 32-ամյա Լևոն Առաքելյանը ոչ մի դեպքում չի լքի հայրենի գյուղը: Գյուղից չի հեռացել նաև այն դեպքում, երբ արտերկրում աշխատելու շահավետ առաջարկներ է ունեցել: Այժմ էլ, երբ սահմանամերձ գյուղում, հակառակորդի կրակոցների տակ (գյուղացիներն ասում են` գյուլլի տակ- հեղ.) նոր հիմնադրած բիզնեսը հարկային ծանր բեռի պատճառով եկամուտներ չի տալիս, Լևոնը դարձյալ չի հուսահատվում:
Ներքին Կարմիրաղբյուրի հենց սկզբում, մի փոքրիկ տարածքում Լևոնն արտադրում է կենցաղային մաքրող միջոցներ` ժավելի սպիրտ, աման լվանալու հեղուկ, հեղուկ օճառ և այլն: Արտադրանքի բրենդային անվանումն է` «Lus», անվանակոչել է եղբոր դստեր Լուսինե անունից:
Կիսաքանդած շինության մեջ իրականացվող արտադրությունում աշխատում են երեք բանվորներ, որոնք 60 հազարական դրամ աշխատավարձ են ստանում, իսկ ապրանքն իրացվում է միայն Բերդի ու Նոյեմբերյանի տարածաշրջանի խանութներում ու գյուղերում: Արտադրությունն աշխատում է երեք ամիս, բայց որևէ շահույթ չեն ստացել, միայն հարկեր են վճարում: Լևոն Առաքելյանը պատմում է, որ իրենց ապրանքի սպառման դաշտը քիչ է: «Ճիշտ է, քիչ է սպառումը, բայց կոնկրետ մեր գյուղի համար, որը սահմանին մոտա, սենց մի բան պետք ա` աշխատատեղ ա, մարդիկ չգիտեն` ինչ անեն, ոնց զբաղվեն, ոնց ընտանիք պահեն», -ասում է երիտասարդ գործարարը:
Նշում է` սահմանամերձ գյուղում բիզնես դնողի համար հարկային արտոնություն ունենալու մասին խոսք լինել չի կարող: «Ոչ մի հարկային արտոնություն չկա, ոչ մի, հըլը ավելի շատ նեղում են, քան օգնում: Մենք մի ամիս ա ինչ գրանցվել ենք ու արդեն 115 հազար հարկ ենք վճարել, բայց ոչ մի եկամուտ չկա: Շատ քիչ ապրանք ենք իրացրել` մեկ միլիոն, բայց դա չի փակում աշխատողի ծախսերը, ամսի 29-ին հեսա աշխատավարձ պտի տանք` վաթսուն հազար դրամ ենք տալիս, բայց ծախսերը փակած չի: Եթե սպառում չի լինում, չեն աշխատում, կոնկրետ էս մի շաբաթ է` չեն աշխատում, գործի չեն գալիս», -մտախոհ ասում է Լևոնը:
Ապրանքի որակից որևէ դժգոհություն չեն ստացել, ասում է կարող են ավելի բարձր որակի ապրանք ստանալ, բայց տարածաշրջանում պահանջարկ չկա, մարդիկ գնողունակ չեն: Հեռահար ծրագրեր էլ ունի սահմանամերձ գյուղի գործարարը` մտածում է զուգարանի թղթի արտադրություն հիմնել: «Շատ ռիսկային գոտի է, մի քանի օր առաջ առավոտից եկիլ էինք աշխատելու, բայց աշխատողները չեն կարողացել երեկոյան ժամը հինգից մինչև մեկը դուրս գան, գնան տներով, անընդհատ կրակել են: Չէին թողում դուրս գանք: Թող ուրիշը նման բան ձեռնարկի, ես աշխատեմ միջին աշխատավարձ տա, մնանք ստեղ: Աշխատելու ոչ մի բան չկա: Հողագործություն չկա, սահմանում ա, մարդիկ չեն մշակում, անասնապահությամբ չեն զբաղվում, դե մնում ա սենց գործ անել, բայց էդ էլ ձեռ չի տալիս: Եթե տենամ, չենք կարում աշխատենք, ստիպված փակելու եմ: Էլ ինչ անեմ», -նշում է Լևոն Առաքելյանը:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասում է` տեղյակ է գործարարի գործունեությունից, բայց ոչնչով չի կարող օգնել նրան: «Ես պետության ներկայացուցիչ եմ, բայց Ներքին Կարմիրի ղեկավարն եմ, ոչ թե Արարատյան դաշտավայրի նախարարությունն եմ», -գործարարին օգնելու մասին մեր հարցերին պատասխանում է գյուղապետ Կամենդատյանը:
Պարզվում է «գյուլլի տակ» աշխատող գործարարին չի կարող օգնել նաև պետությունը: ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային եկամուտների պետական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանը այս խնդրի վերաբերյալ Panorama.am-ին ասաց, որ ՊԵԿ-ը հարկային արտոնություններ չի սահմանում: «Այդ հարցով ճիշտ կլինի դիմեք ֆինանսների նախարարություն, որովհետև օրենսդրական փոփոխությունները իրենք են նախաձեռնում, իսկ մենք ընդամենը ընդունված օրենքները կատարում ենք: Հարկային մարմինների վերահսկողության մասով սահմանամերձ բնակավայրերում արտոնություններ չկան», -հավելեց Նելլի Մանուչարյանը:
Ֆինանսների նախարարի մամլո քարտուղար Իրինա Այվազյանն իր հերթին Panorama.am-ին տեղեկացրեց, որ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Լևոն Առաքելյանի գործունեության համար «հարկային ոչ մի արտոնություն չի կիրառվում»:
Նշենք, որ լրագրողների այցը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր կազմակերպվել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) օգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են