Էլ ի՞նչ անենք, Ադրբեջանը բոլոր առաջարկները մերժում է. Նալբանդյանը բացահայտումներ է արել եվրոպացի պատգամավորների համար
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի դիրքորոշումն այսօր ամբողջովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների միջոցով: Այսօր Երևանում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ԵԽԽՎ պատգամավոր, Անդրեաս Հերկելի հարցին, թե ինչ փոխզիջումներ կարող է առաջարկել Հայաստանի Ադրբեջանի մոտեցումների դիմաց:
Նալբանդյանը նաև հայտարարեց, որ ինքն այդ հարցին կպատասխանի ոչ թե որպես ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, այլ որպես ՀՀ ԱԳ նախարար ու բացատրեց` ինչու. «Ես որևէ մտադրություն չունեմ իմ նախագահությունը օգտագործել` մեղադրելու ադրբեջանական կողմին»:
Հայաստանի ԱԳ նախարարի խոսքով, Հայաստանը ողջունում ու պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հիմնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) առաջարկների վրա, սակայն Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է: «Նույն դիրքորոշումը չենք լսում Ադրբեջանի կողմից: Իրենք ձևացնում են, թե սատարում են այսպես կոչված նորացված, 2009 թվականի տարբերակը: Իրենք համարում են, որ այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որ ներկայացրել են համանախագահող երկրները հնացա՞ծ են: Ավելին, 2009-ին ադրբեջանական կողմը չընդունեց դեկտեմբերյան տարբերակը, որին իրենք հիմա հղում են անում: Իրենք ընդունեցին այնպես, ինչպես ընդունեցին Կազանում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Աստրախանում և բոլոր մյուս ժողովներում ընդունեցին. ընդունեցին տասը փոփոխություններով հանդերձ: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե գալիս ես մեկ-երկու-երեք-չորս-տասը փոփոխություններով, ուրեմն չես ընդունում: Դա է տարբերությունը: Միջազգային հանրությունը Հայաստանից կարող է ընդունել ի՞նչ: Միջազգային հանրության արձագանքը մենք ողջունում ենք, որը ձևակերպվել է երեք համանախագահների կողմից` ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ այլ նաև միջոցառումների, հրադադարի ռեժիմը ընդունելու վերաբերյալ: Հայաստանն ու Ղարաբաղը ընդունում են, իսկ Ադրբեջանը մերժում է: Գիտեք, այս քննարկումը Ղարաբաղի հարցին չի նվիրված: Ասել, թե մենք պետք է անենք ավելին, բայց էլ ավելին ի՞նչ անենք. մենք ընդունում ենք, ողջունում ենք և ասում ենք այո´ բոլոր առաջարկներին, որոնք երեք համանախագահները ներկայացրել են, բայց այդ ամենը միակողմանի է», -հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:
Եվրոպացի պատգամավորին նա դուբլինյան հանդիպումից նաև մանրամասներ ներկայացրեց. «Ես հիմա մի մանրամասն կհայտնեմ Դուբլինում նախարարական վերջին համաժողովի ժամանակ. երեք համանախագահողները երկու նախարարների հետ միասին քննարկեցինք համատեղ հայտարարության տեքստը, բայց Ադրբեջանը մերժեց, որովհետև իրենք դեմ էին «հակամարտության խաղաղ կարգավորում» ձևակերպմանը, դեմ էին, որ ստեղծվի մեխանիզմ հրադադարը ամրապնդելու համար»: