«Ձեզ ենք ընտրել, արա´, եկեք տեր եղեք». Ծիրանը հերթի մեջ փչանում է, գյուղնախարարությունից ասում են՝ արտառոց բան չկա (տեսանյութ)
Կարկտահարությունից ու դրա հետևանքով բերքի կորստից հետո գյուղացու հոգսերին ավելացել է ևս մեկը. Արմավիրի մարզում գտնվող միակ ծիրան մթերող «Նոյան» գործարանի առաջ հազարավոր մարդկանց հերթ է գոյանում, որոնք օրերով սպասում են իրենց հերթին, իսկ այդ ընթացքում ծիրանը փչանում է, հյութը մեքենաներից ծորում:
Գործարանը մթերումն սկսել է հունիսի 22-ից` կարկտահարված ծիրանը մթերում է 50 դրամով ու այնքան դանդաղ, որ ինչպես մեզ հետ զրույցում ասաց Մրգաշատ գյուղի բնակիչ Հովհաննես Սողոմոնյանը, ցերեկը մինչև ժամը 13:00-ն ճանապարհում են 4-րդ մեքենան: «Աշխատանքը շատ վատ ա կատարվում, վերևները ընդամենը ասում են, թե ամեն ինչ լավ ա, ասողների մեծ մասը տեղյակ չի իրանց ասածը արին-չարին, կամ եթե արին, ոնց արին: Գյուղանախարարը գալիս ա գործարան, գործարանի տերն ասում ա՝ շատ լավ ա, ու գնում ա: Վերջ: Ավելի լավ ա էդ մի տոննա ծիրանը թափի, քան...ազնիվ խոսք: Մարդը ցածրանում ա, 50 հազար դրամի համար նվաստանում ա», -Արմավիրի մարզ այցելած լրագրողների հետ զրույցում հուսահատված ասում էր Մրգաշատի բնակիչը:
Հունիսի 28-ին ցերեկը ժամը 15:00-ի սահմաններում գործարանի դարպասները փակ էին, որևէ աշխատակից չէր մոտեցել սպասող գյուղացիներին և բացատրել, թե ինչու են դադարեցրել ծիրանի մթերումը: Իսկ ծիրանի հյութը կիզիչ արևից եփված ծորում էր բեռնատարների միջից ու «քաղցրացնում» ասֆալտը: Գյուղացիների մեջ մարդիկ կային, որոնք երկու կամ երեք օր շարունակ գիշերել են մեքենաների մեջ՝ սպասելով իրենց հերթին: Բնակավայրերից հեռու այդ տարածքում նրանք այնքան էին երկար մնացել, որ անգամ ջուր չունեին, և իրենց մոտ այցելած լրագրողներից ջուր էին խնդրում՝ շոգից զովանալու համար:
Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ Վանիկ Սարգսյանը շատ նեղված էր՝ երկու օր իր «Ֆորդ»-ում դասավորված ծիրանի արկղերի հետ անցկացրել է գործարանի առաջ շուրջ 5 կմ ձգված հերթում: Չարացած է աշխարհի ու, մասնավորապես Հայաստանի կառավարության վրա. «2 սուտկա յա կանգնած ենք, երկու սուտկա, նայեք հերթի բոյը, նայեք, նկարեք, հետո էլ ասում են Արմավիրի մարզին կարկուտի համար օգնություն են տվել, ո՞ւր ա ձեր օգնությունը, ձեր օգնությունը ո՞ւր ա, հլա բերեք, կոխեք էսքան մարդու աչքը, հեսա իրիկունը հերթը կհասնի մեզ կեթանք, զավոդի տնօրենը կասի՝ հելեք սիկտիրներդ քաշեք, արդեն փչացել ա ձեր ծիրանը: Մենք ի՞նչ պտի անենք: Կարկուտը խփել ա, ասին կօգնենք, բայց բան չարին, բերել մի բուռ լոբի են տալիս, մենք էդ ի՞նչ պտի անենք»:
«Էսի ձև չի, էսի ապրելու ձև չի, ամբողջ էս Արմավիրի հասարակությունը ընտրել ա բոլորին, էս իշխանություններին, լռիվին մեկ առ մեկ ընտրել ենք, դե արեք տեր եղեք, ընչի եք թողել անտեր-անտիրական: Մարդկային արժանիքները կորցրել ենք, արա: Ձեզ ենք ընտրել արա´, եկեք տեր եղեք», -ասում էր հերթ կանգնած տղամարդկանցից մեկը:
Տարբեր բնակավայրերից գործարանի մոտ հավաքված մարդիկ դժգոհելուն զուգահեռ հուսահատ ելքեր էին փնտրում. «Մինչև աշուն թողելու ենք գնանք ստեղից, ըտենց մի արեք: Էս ինչ վիճակ ա, արեք տեր եղեք՝ 24 ժամ կանգնես 100 կիլո ծիրան հանձնե՞ս, որ 5000 դրամ փող ունենաս: Ամոթ ա, անհարմար ա»:
Գյուղացիների համար անհասկանալի էր, թե ինչու գործարանից որևէ մեկն իրենց սպառիչ, հստակ պատասխան չի տալիս: «Էս գործարանում չկա՞ աշխատող, որ գա, կանգնի, ինչ-որ բան ասի, հերթ պաշտպանի», -գյուղացու այս հարցին պատասխանող չկար:
Իրավիճակի վերաբերյալ տեղում աշխատած մի քանի լրագրողների հրապարակած տեղեկությունների տարածումից հետո գյուղատնտեսության նախարարությունը քնից արթնացավ, և գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը լրատվամիջոցներին հայտարարեց, որ «արտառոց բան չի եղել», ուղղակի գործարանում հոսքագծերի լվացման աշխատանքներ են կատարվել:
Պաշտոնյան նաև ասել էր, որ մթերումներն իրականացվում են նաև գիշերը:
Հետաքրքիր է՝ եթե գործարանում քուն ու դադար չունեն և անընդհատ մթերման գործընթացի մեջ են, ապա ինչո՞ւ է կրկնակի, եռակի տուժած բնակչությունն այդքան բողոքում, ապա ինչու են մարդիկ օրերով մնում փողոցում, գիշերում անմարդկային պայմաններում, իսկ ցերեկն էլ կիզիչ արևի տակ չորանում:
Արմավիրի տարբեր գյուղերից ռեպորտաժները՝ առաջիկայում:
Կարդացեք նաև՝
Մարդիկ մի քանի գիշեր մնացել են «Նոյան»-ի առաջ, բերքը փչանում է, ընդունող չկա (Լուսանկարներ)
Լրագրողների այցից հետո «Նոյան»-ը սկսել է մթերել ծիրանը