Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել. Փաստաբանը հաստատում է
Գորիսի հայտնի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են, որոնց համաձայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել: «Քանի որ արդեն լրատվամիջոցներով նման տեղեկություն է շրջանառվել, և ես նախաքննական գաղտնիք չեմ հրապարակում, հետևաբար, այո, հաստատում եմ, որ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը:
Այլ մանրամասներ փորձաքննության արդյունքներից պարոն Ալումյանը չհրապարակեց` նկատելով, որ չի կարող հրապարակել նախաքննության ընթացքին վերաբերող որևէ տեղեկություն: Հարցին, թե դա կարելի՞ է դիտել որպես ծանրացուցիչ հանգամանք Տիգրան Խաչատրյանի համար, Ալումյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել. «Նախաքննությունը ցույց կտա»:
Ինչ վերաբերում է զինդատախազություն ուղարկված նամակին, Հայկ Ալումյանն ասաց, դեռ որևէ պատասխան չի ստացել, թեպետ արդեն պատասխանի ժամանակն անցել է:
Հիշեցնենք` Գորիսի հայտնի դեպքերից հետո Արտակ Բուդաղյանի և նրա սպանված եղբոր իրավահաջորդի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը հուլիսի 1-ին գրություն էին ներկայացրել Գլխավոր դատախազին` բողոքարկելով ՊՆ քննչական ծառայության որոշումը, որով հետաձգվել էր Արտակ Բուդաղյանին որպես տուժող ներկայացնելու մասին փաստաբանի միջնորդությունը: Սակայն գլխավոր դատախազությունից գրությունը մակագրել էին զինվորական դատախազությանը:
Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել էր քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել է սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, ինչպես նաև Սուրիկ Խաչատրյանի վիրավորված մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:
Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում են և, ինչպես ավելի վաղ հայտարարել էր զինդատախազը, մինչև նախաքննության ավարտը մնալու են այնտեղ:
Կարդացեք նաև`
Գորիսի դեպքերի գործով ՊՆ քննչական ծառայության որոշումը փաստաբանը բողոքարկել է Գլխավոր դատախազին
Բուդաղյանների փաստաբան Ալումյանի բողոքն ուղարկվել է զինդատախազություն