Թիվ 38. «Ժառանգության» թեկնածուն խախտումների մասին ենթադրություններ անել չի ցանկանում
Թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանի թիմը քարոզարշավի մեկնարկից 10 օր անց խախտումներ չի նկատել: Խոսակցություններ լսել են, սակայն առանց փաստերի ենթադրություններ անել սխալ են համարում: Մինչ այսօր համայնքներ այցելել են առանց որևէ խոչընդոտների: Մինչ այս պահը թեկնածուի թիմը քարոզարշավի ընթացքը նորմալ է գնահատում, գրեթե այնպես, ինչպես նախատեսել են:
Հայրապետյանի մամուլի խոսնակ Դավիթ Հակոբյանը Panorama.am-ին ասաց, ոչ հավաստի աղբյուրներից տեղեկացել են, որ համայնքների ղեկավարներին կանչել են մարզպետարան:
«Հնարավոր է, որ ընտրությունների հետ կապված լինի, բայց հաստատ չէ, ես կրկնում եմ: Երբ փաստեր ունենանք, համոզված լինենք, որ կա նման բան, անպայման կբարձրաձայնենք»,-ասաց Դ. Հակոբյանը, ավելացնելով, որ այդ տեղեկություններն ստանալուց հետո էլ քարոզարշավ իրականացնելիս առանց խանգարող հանգամանքի գյուղեր են մտել, եղել են տղեր, որ գյուղապետերի հետ են հենց առկա խնդիրները քննարկել:
10 օր շարունակ հանդիպումների ընթացքում բնակիչները բարձրաձայնել են միջհամայնքային վատ ճանապարհների, մի քանի հեռավոր գյուղերում դպրոցների բացակայության, խմելու ջուր չլինելու ու այլ կենսական խնդիրների մասին:
«Ճանապարհները շատ անբարեկարգ են, քանդված: Շուկայից հեռու գյուղեր են: Եթե մարդ չունի սեփական մեքենա, այդպես էլ իր ապրանքը չի կարող շուկա հասցնել»,-ներկայացրեց թեկնածուի մամուլի խոսնակը, խոստովանելով, որ իրենք էլ մեծ դժվարությամբ են որոշ համայնքեր հասնում:
Շվանիձոր գյուղում, ու ընդհանրապես Մեղրիի տարածաշրջանի համայնքերում հանդիպումների ժամանակ, բնակիչները բողոքել են, թե խմելու ջուր չունեն: Համայնքում մի աղբյուր կա, որից օգտվում են բոլորը, դրանով ջրամատակարարումն էլ իրականացվում է ժամով:
«Ուժանիս, Խդրանց համայնքներում էլ դպրոց չկա: Եթե դպրոց չկա, բնականաբար երիտասարդ ընտանիքը իր երեխային կրթության տալու համար էլ կթողնի գյուղը»,-վիճակը ներկայացրեց Դ. Հակոբյանը:
Քարոզարշավի այս ընթացքում Սամվել Հայրապետյանի թիմը մնացել է այն համոզմունքին, որ հաղթողը հենց նա է լինելու:
«Հաշվի առնելով ազգաբնակչության տրամադրվածությունը մեր հանդեպ, այո այդ համոզմանն ենք: Մենք դռնեդուռ ենք գնում, մեր ակտիվիստները, մեր երեխեքը ամեն տուն համարյա մտնում են: Այս առումով նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումն ենք որդեգրել, որովհետև ճիշտ մոտեցում է, անմիջապես լսել, մոտիկից շփվել, ժողովրդի մեջ լինել, ընտանիք մտնել, սա է կարևորը, մարդիկ մեզ ժպիտով են դիմավորում: Ժողովուրդը հասկանում է, որ հենց այս կուսակցությունն է, որ ժողովրդի ցավը զգում է, մտնում է ժողովրդի մեջ, դուրս է գալիս, թեկուզ օգնելու լծակներ չունի»,-ասաց նա:
Ընդդիմություն հանդիսացող կուսակցության սատարած թեկնածուին հիշեցրեցինք, որ ՀՀԿ-ական թեկնածուն էլ համոզված է , որ ընտրողներն իրեն են վստահում. «Դա Կարապետյանի իրավունքն է այդպես հայտարարել: Մենք ասում ենք այն, ինչ որ տեսնում ենք, ինչ-որ զգում ենք»:
Հիշեցնենք, սեպտեմբերի 29-ի ն Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում նշանակված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն:
Նախորդող հրապարակումներ`
Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Թիվ 38-ում առաջադրված Հանրապետական թեկնածուն գտել է սյունեցիների վստահությունը շահելու ձևերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները