Հովհաննես Թամամյանը համաներմամբ ազատ չի արձակվի
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը նախորդ տարի մարտի 23-ին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, ազատ չի արձակվի. համաներումը նրա վրա պատժից ազատելու մասով չի տարածվում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը` հերքելով տարածված տեղեկությունները, թե համաներում հայտարարելու մասին որոշման շրջանակներում ազատ է արձակվելու նաև Թամամյանը:
Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման 8-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն, Թամամյանի պատժի չկրած մասը կրճատվում է մեկ երրորդով` 4 ամսով: Հովհաննես Թամամյանը կալանավորվել էր դեռ 2011-ի մարտի 24-ից և հենց այդ ժամանակվանից էլ հաշվարկվում է 4 տարի պատիժը:
Հարցին, թե ինչպե՞ս է այդ լուրը ընդունել Թամամյանը, փաստաբանը պատասխանեց. «Իմ ունեցած տեղեկություններով, ընդունել է այնպես, ինչպես յուրաքանչյուրը կընդունի: Ինչ կարող է անել: Ցանկացած մեկի նկատմամբ համաներումը, թե ինչպիսի կիրառում պիտի ստանա, որոշում է իրավասու մարմինը: Դե հիմա իրավասու մարմինը որոշել է այդպես»:
Հիշեցնենք` Հովհաննես Թամամյանը դատապարտվել էր ազատազրկման մեղադրվելով ՀՀ քրեական օրենսգքրի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասի`(նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:
«308 հոդվածի 2-րդ մասի նկատմամբ չպետք է պատժաչափը կրճատվեր, այլ այդ հոդվածով պետք է ազատ արձակվեր: Դա կարող է վերաբերել ցանկացած դատապարտյալի: Դա իմ անձնական կարծիքն է», -ասաց փաստաբան Գևորգյանը: Նա չի բացառում, որ մոտ ապագայում փոխվի նրա պատժի կրման ռեժիմը: «Թամամյանի մեկ երրորդը վաղուց է լրացել և դրանից հետո օրենքով սահմանված կարգով կարող է փոխվել նրա ռեժիմը և փոխարինել ավելի մեղմ ռեժիմով: Օրենքը մեզ նման հանրավորություն տալիս է, թեև մի քանի անգամ պարոն Թամամյանը դիմել է, բայց մերժումներ է ստացել: Համաներումից հետո կարծում եմ ոչ միայն ռեժիմը փոխելու, այլ նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու և պայմանական վաղակետ ազատ արձակելու հարցը նույնպես պետք է լուծվի», -ասաց փաստաբանը` նկատելով, որ չի կարծում, թե նպատակահարմար է, որ Թամամյանը 1 տարի 2 ամիս ևս պատիժը կրի անազատության մեջ:
Գևորգյանը կարծում է, որ իր պաշտպանյալը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի ազատ արձակվի` բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, բարեխիղճ պատիժ է կրել, քրեակատարողական հիմնարկում իրավախախտում չի կատարել: «Բոլոր մերժումները, որոնք արվել են Թամամյանի պատիժը փոխելու վերաբերյալ, առանց պատճառաբանության են եղել: Այդ պատճառով էլ չեմ կարող որևէ գնահատական տալ դրա վերաբերյալ», -հավելեց փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները