Երևանում ռուսական գիմնազիայի բացման հարցը բանակցությունների փուլում է. «Կյանքի կկոչվի հնարավորինս շուտ»
Երևանում ռուսական գիմնազիայի բացմանը հարցը գտնվում է բանակցությունների փուլում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:
«Այժմ աշխատանքներ են տարվում համաձայնագրի տեքստի պատրաստման ուղղությամբ: Նախատեսվում է, որ մենք կունենանք ռուսական գիմնազիա` ռուսերենի խորացմամբ: Դա կլինի հանրակրթության երրորդ աստիճանի` 10, 11, 12-րդ դասարանների ավագ դպրոց»,- ասաց նա: Տիգրան Սահակյանը տեղեկացրեց, որ օրերս ՀՀ ԿԳ նախարարի ՌԴ կատարած այցի ընթացքում քննարկվել են գիմնազիայի հիմնման մանրամասները:
«Գիմնազիայում կդասավանդեն տեղի մասնագետներ, եթե ռուսական կողմը ցանկություն կունենա Հայաստան մասնագետներ գործուղել, մենք դեմ չենք լինի: Մեր կողմից կտրամադրվի տարածքը, մնացածը համատեղ, միասին կկազմակերպենք»,- ասաց նա և հավելեց, որ մանրամասներն այս պահին քննարկման փուլում են, երբ կամբողջացվի, որոշակի պատկեր կլինի, կներկայացնեն:
Տիգրան Սահակյանի բնորոշմամբ` գիմնազիա հաճախելու են այն մարդիկ, որոնք իրենց հետագա ուսուցումը կապում են և տեսնում են ռուսերենի հետ: Նրանք, ովքեր հետագայում ցանկություն ունեն սովորելու ռուսաստանյան բուհերում, ինչպես նաև Հայ-Ռուսական համալսարանում, ապագայում բացվող Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում և այլն:
«Դա հնարավորություն կտա մեր աշակերտներին ունենալ խորացված գիտելիքներ ռուսաց լեզվի բնագավառում, ինչն իր հերթին թույլ կտա հետագայում ուսումը շարունակել այդ լեզվի պահանջարկն ունեցող ռուսական բուհերում, ռուսաց լեզվի և բանասիրության մասնագիտությունով և այլն»,- հավելեց ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը:
Անդրադառնալով ժամկետներին, Տիգրան Սահակյանը հայտնեց, որ ծրագիրը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ, քանի որ հարցը գտնվում է երկու երկրների նախագահների ուշադրության կենտրոնում: Այս հարցին անդրադարձ է եղել նաև ՀՀ և ՌԴ նախագահների Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: «Մենք փորձելու ենք հնարավորինս շուտ կյանքի կոչել այդ ծրագիրը, ամեն ինչ կախված է ծավալներից»,- ասաց նա:
Կրթական օրակարգում դրան զուգահեռ նաև գտնվում է Ռուսաստանի հայաշատ քաղաքներում հանրակրթական դպրոցներում հայերեն լեզվի ուսուցման հարցը: «Գիտեք, որ այնտեղ ապրում են մեծ քանակությամբ հայեր, և մենք առաջարկությամբ ենք հանդես եկել, որպեսզի հայերենը ուսուցանվի ոչ միայն սփյուռքի կրթօջախներում, կիրակնօրյա կամ մեկօրյա դպրոցներում, եկեղեցիներին կից դպրոցներում: Մենք ուզում ենք, որ հայերենը, որպես կրթական ծրագիր, արդեն մտնի այն քաղաքների հանրակրթական դպրոցներ, որտեղ հոծ հայ համայնքներ կան: Ըստ նախնական պայմանավորվածության, երկու այդպիսի դպրոց է լինելու Մոսկվայում, մեկ դպրոց` Պետերբուրգում, Կրասնոդարում և մեկ-երկու այլ քաղաքներում»,- տեղեկացրեց նա:
Տիգրան Սահակյանը նկատեց, որ այն, ինչ արձանագրվում է միջկառավարական համաձայնագրում, ժամկետը «որքան հնարավոր է շուտ»-ն է: «Կախված է նրանից, թե ինչ ծրագիր կունենանք, ըստ այդմ էլ կորոշվի ժամանակացույցը: Ամեն ինչ անում ենք, որպեսզի երկու ծրագրերն էլ հնարավորինս շուտ կյանքի կոչվեն»,- եզրափակեց ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը:
Նյութեր թեմայով`
ԿԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացին
Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը` ՀՀ-ում. Ո՞րն է ռուսական երկրորդ բուհն ունենալու անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները