Մանկական «անմեղ» ամսագրերի հետքերով` շուկան հեղեղված է աղբով, իսկ վերահսկողություն չկա
Հայկական շուկան լեցուն է հեքիաթներ, «Ներկիր ինքդ» և նմանատիպ այլ մանկական նյութեր պարունակող գրքույկներով, որոնք մեկ բառով կարելի է բնութագրել որպես աղբ: Բանն այն է, որ նմանատիպ ժամանցային ամսագրերը թվում է, թե որևէ վտանգավոր բան երեխայի համար չպետք է ունենան, հակառակը` դրանք նաև կրթող և զարգացնող կարող են լինել: Դա կլիներ այդպես, եթե նույն այդ ամսագրերը, փոքրիկ գրքույկները, ինչպես կուզեք անվանեք դրանք, պատրաստվեին գրագետ ու խիստ պատասխանատվությամբ:
Օրերս Panorama.am-ի խմբագրություն նամակ էր ուղարկել մի ծնող, ով իր երեխայի համար գնել էր առաջին հայացքից անմեղ այդ գրքույկները և պարզել, որ դրանք ոչ միայն խեղաթյուրում են հայ գրականությունը, այլև կարող են վտանգավոր լինել երեխայի համար` ճիշտ գիտելիքներ ստանալու հարցում:
Նա նաև խմբագրություն է ուղարկել լուսանկարները, որտեղ երևում է այն անգրագիտությունը, որով պատրաստվել են գրքույկները: Միայն մեկ լուսանկարում երևացող սխալը, երբ բանաստեղծության մեջ «ձ» տառը գրված է «դզ», բավական է հասկանալու համար, թե ինչպիսի խնդրի հետ գործ ունենք: Էլ չասած մոտավոր հիշողությամբ տպագրված բանաստեղծությունները, երբ դրանցում Սոսը վերափոխվում է գողի, տողեր են կրճատվում, իսկ «Անբան Հուռին» դառնում է ծույլ աղջիկ, որը պատկերված է ժամանակակից «Մաշան և արջը» մուլտի հերոսի տեսքով: Այս շարքը երկար կարելի է թվարկել:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասում է, որ պետք է պարզապես խայտառակել նման հրատարակչություններին, որ մարդիկ իրենց հրատարակած ոչ մի բանը չգտնեն. «Ամոթ այդ հրատարակչությանը, ամոթ: Խայտառակություն է»:
Panorama.am-ը փորձեց հասկանալ, թե ով է երեխաներին ամենազգայուն տարիքում, երբ նրանք դեռ նոր են սկսում ինչ-որ բաներ սովորել, նման աղբ մատուցելու և սխալ կրթելու պատասխանատուն: Պարզվում է պետական մարմիններում պատասխանատու, որպես այդպիսին, չկա: Գրաքննությունը վերացել է` իր հետ տանելով նաև պետական կառույցների պատասխանատվությունը նման զգայուն հարցերում:
Նախ դիմեցինք Կրթության և գիտության նախարարություն, որտեղից մեզ հայտնեցին, որ պատասխանատու են միայն ուսումնական հաստատություններում շրջանառվող գրականության համար և միայն այն գրականության համար, որը իրենց կողմից երաշխավորված է և այդ մասին համապատասխան գրություն է պարունակում: Նախարարության կողմից առհասարակ չեն մշակվում նմանատիպ ժամանցային պարբերականներ, որոնք նաև կրթող գործառույթ կիրականացնեն: Կրթության և գիտության նախարարությունից մեզ խորհուրդ տվեցին դիմել Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ:
Հարցը «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի» լիազորություններում ևս չի գտնվում: Կենտրոնի ղեկավար Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այստեղ մեղքը հրատարակչությանն է և պետք է հենց նրանց ուղղված լինի մեղադրանքը: Եթե հրատարակչությունը որևէ խախտում է արել, իրենք են պատասխան տալու:
«Ամեն մեկը վերցնում է, գրում է` «ներկիր ինքդ» ու ամեն մի անհեթեթ բան մատուցում: Այո, նման բաներով լցված է շուկան: Դուք էլ պետք է պայքարեք, ցույց տաք, որ այդ հրատարակչական մարմին կոչվածներն իրավունք չունեն ուղղակի նման բանով զբաղվել: Իսկ եթե որևէ հրատարակչություն որևէ հեղինակի իրավունք խախտել է, ապա ժառանգները կարող են հարցը լուծել օրինական եղանակով: Կառույց չկա, որ նրանց կանչեն` ասեն էս ի՞նչ եք արել: Շուկան հեղեղված է նման այլանդակ բաներով, իսկ երեխաները բաց են այս ամենի դեմ»,- ասում է Միլիտոնյանը:
Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ Կրթության և գիտության նախարարությունը պետք է ուղղորդի ծնողներին և աշակերտներին կարդալ լավ գրականություն: Միլիտոնյանը նաև նշեց, որ արտադասարանական ընթերցանությունների շրջանակներում որոշակի բաներ արվում են, բայց այն մասին, որ շուկան հեղեղված է նման բաներով, պետք է մարդիկ տեղեկացված լինեն, որ երեխաներին չտան դրանք կարդալու:
Ամեն դեպքում, կարծում ենք, որ այս հարցում պետք է պետական մարմինների կողմից ուշադրություն լինի, եթե անգամ չեն կարող վերահսկել դաշտը, գոնե այլըտրանքներ ներկայացվեն, որոնք ապահովագրված կլինեն նման սխալներից ու անգրագիտություններից: Դիմում ենք նաև հրատարակչություններին ու հորդորում ավելի պատասխանատու մոտենալ հարցին ու սեփական անունը որևէ բանի տակ դնելուց առաջ ստուգեն դա: Մեր ապագան երեխաներն են և չարժե նրանց կանգնեցնել խեղաթյուրված ու անգրագետ գիտելիքներ ստանալու վտանգի առաջ:
Նախորդիվ`
Արիելը հյուր Կիկոսին, կամ թե ինչու «քաչալ շունը» դարձավ «սափրած շուն»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա