Ավանդական արժեքները` վերնիսաժացված. «Այն մշակույթը, որ այսօր սպառվում է մեզ մոտ, բերվում է դրսից»
Ազգային մշակույթ հասկացությունն այսօր մի տեսակ ընդունված է նույնականացնել 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի գյուղական ավանդական մշակույթի հետ, ինչն ազգային մշակույթի սխալ մեկնաբանություն է, ասում է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:
Նա հայկական ազգային մշակույթ համարում է այն, ինչը ստեղծվում է Հայաստանում բնակվող մարդկանց կողմից այսօր, ստեղծվել է անցյալում և կստեղծվի ապագայում: Ըստ նրա, այս տեսանկյունից եթե մոտենանք հարցին, պետք է նայել, թե որքանով են Հայաստանում ստեղծվել մշակութային երևույթներ:
«Այդ առումով Հայաստանում մշակութային ինտենսիվ գործընթացներ չկան, քանի որ դրան նպաստող միջավայր չի ձևավորված և նման խնդիրներ չկան դրված»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ազգագրագետը և նշեց, որ ճիշտ չէ ասել, թե ոչինչ չի կատարվում, բայց դա բավարար համարել դժվար է:
Աղասի Թադևոսյանը պատճառներից մեկը համարում է այն, որ պետությունը բավարար ուշադրություն չի հատկացնում, ներդրումներ չեն արվում այդ ոլորտներում. «Այսօրվա ազգային մշակույթի ձևավորման գործընթացները չափազանց անմխիթար վիճակում են»:
Նրա բնորոշմամբ, այն մշակույթը, որ այսօր սպառվում է մեզ մոտ, բերվում է դրսից, իսկ տեղում ստեղծվածն էլ կրկնօրինակում է, ինչն էլ ստեղծագործականության պակասի հետևանք է: «Հասարակությունում դրա դիֆիցիտ կա, դրա պատճառով էլ սպառվում է այն, ինչը ստեղծվում է այլ մշակույթների կողմից և բերվում է Հայաստան»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է մշակութային ժառանգությանը, ապա, Աղասի Թադևոսյանն այդ ժառանգության զարգացմանն ուղղված աշխույժ քայլեր չի տեսնում. «Մենք անշուշտ սպառում ենք այն, ինչ տրված է մեզ: Այդ ժառանգությունն էլ ենք սպառում և անհաջող ձևով ենք սպառում: Նաև վերածվում է զանգվածային մշակույթի, ինչպես օրինակ ավանդական արժեքների վերնիսաժացված նմուշները»:
Ընդհանուր առմամբ, ինչպես ազգագրագետն է բնորոշում, հասարակությունն ինքն է սպառողական:
Լուսանկարը` Աղասի Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև`
«Երիտասարդությանը հին բանաձևերով ազգային մշակույթին կապել, մեծ հաշվով, հնարավոր չէ»