«Երևան դեժավյու». Հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով` Բաղրամյան պողոտան
Նախագահական նստավայրը` Գերագույն խորհրդի շենքում, Սահմանադրական դատարանը` Երևանի Կենտկոմի փոխարեն, Ազգային ժողովի շենքի տարածքում` գերեզմաններ:
Բաղրամյան պողոտան երևանյան ճարտարապետությունը ամենալավը պահպանած փողոցներից է, այն նախատեսված էր նաև դեսպանատների փողոց լինելու համար:
Երևանյան հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով փողոցի դեժավյու` Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ:
«Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը զգում էր, որ քաղաքը անպայման պետք է ընդարձակվի դեպի հյուսիս` Քանաքեռ, Զեյթուն: Այն ժամանակ գլխավոր ճարտարապետը Մարկ Գրիգորյանն էր: Իրենց մտահղացմամբ, քաղաքի գլխավոր հատակագծի մեջ Բաղրամյան փողոցը կարևոր նշանակություն ունեցավ: Եղավ առաջարկ, որ փողոցը կառուցվի: Հիմքում նաև այն էր, որ չնայած պատերազմը դեռ չէր ավարտվել, բայց պատերազմից հետո Հայաստանում կլինեին նաև դեսպանատներ, դրանից ավելի լավ տեղ չէր կարող լինել: Այդպես էլ հիմքը դրվեց»,- պատմում է Մկրտիչ Մինասյանը:
Նա նկատում է, որ Երևանում շատ բաներ են աղավաղվել, բայց պողոտան պահպանվել է: Նախատեսվում էր կառուցել առանձնատների ձևով երեք-չորս հարկանի շենքեր, որոնք հետ էին դրված կարմիր գծից, իրենց դիմաց փոքրիկ այգիներ ունեին:
Ճարտարապետի բնորոշմամբ, դրանք շատ ներդաշնակ էին մեր կլիմային, պողոտայի ամբողջ մտահղացմանը:
Նոր պողոտայում է դրվում նաև կուսակցության կենտկոմի շենքը, Մարկ Գրիգորյանի հեղինակությամբ այն կառուցվեց, մի քիչ վերև` Գերագույն խորհրդի շենքն էր, որ հիմա նախագահական նստավայրն է:
Պողոտան, որ սկիզբ էր առնում այսօրվա Ֆրանսիայի հրապարակից, 43 թվականից մինչև 50-ականների վերջը ամբողջական կառուցապատվեց: Այդ ժամանակահատվածում էլ պողոտայի մի հատվածը բնակեցվեց գաղթականներով:
Այս պողոտայում հետագայում կառույցներ անելու իրավունքներ են ստանում ճարտարապետները: Մկրտիչ Մինասյանի խոսքով, բոլոր շենքերը շատ զուսպ են արված ու շատ գեղեցիկ են, ռելիեֆի հետ աշխատող են:
«Բոլորը շատ բարձրաճաշակ ճարտարապետական գործեր են: Ազգային մտածողությամբ, ազգային ժառանգությանը հետևողական լինելով, մի նոր հոսանք բերելով` նոր մայրաքաղաքի համար»,- ասում է Ճարտարապետների միության նախագահը:
Մանրամասն` տեսանյութում:
Տեսանյութում օգտագործվել են լուսանկարներ charkhchyan.wordpress.com և hinyerevan.com կայքերից:
«Երևան դեժավյու» նախագծի նախորդ թողարկումները`
«Երևան դեժավյու». Ներքին բակ, փայտյա պատշգամբ, կամար` ազգային ոճը պահպանած փողոցները
«Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները
«Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան