Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներ 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Նորայր Հարությունյանը և 72-ամյա Մնացական Սուքիասյանի առողջական վիճակը լավ է, և նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի լրատվական ծառայությունից:
Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորներին` 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանին և 30-ամյա Վալերի Հովհաննիսյանին, ապա նրանք ծանր կայուն վիճակում են և շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում կրակոցներ արձակած անձը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան էր` դստեր ամուսինը` Գոռ Առաքելյանը: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում): Մայիսի 21-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և Առաքելյանը երկու ամսով կալանավորվել էր:
Նշված տարածքում ավտոմեքենայի ճանապարհը փակելու շուրջ այլ երիտասարդների հետ առաջացած վեճի արդյունքում Առաքելյանը «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել էր մի քանի անգամ, ինչի հետևանքով հրազենային տարբեր վնասվածքներ էին ստացել նաև պատահական քաղաքացիներ: