«Երևան դեժավյու». Արվեստագետների շենքը
Մաշտոցի պողոտայով քայլելիս ժամանակին կարելի էր հանդիպել հանճարեղ մարդկանց: Այստեղ գտնվող շենքերից մեկում էին ապրում արվեստագետները` հայտնի դերասաններն ու ռեժիսորները: Այսօր արդեն ամենից շատ հուշատախտակ ունեցող շենքի առաջին հարկում խանութներ են տեղակայված, թեև այս կառույցում դեռ հայտնիների շունչն է պահպանվում:
Հայտնի մարդկանցով ապրած շինության պատմությունը` «Երևան Դեժավյու»-ի այս թողարկմանը, ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Հրաչ Պողոսյանի հետ:
Շենքը նախագծել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը: Ըստ Հրաչ Պողոսյանի, դա ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է: Կառուցվել է 1941 թվականին:
Հրաչ Պողոսյանի խոսքով, կառույցի ներսը ճարտարապետի կողմից շատ գեղեցիկ էր արված: Հատկապես գեղեցիկ լուծում է տրված շենքի անկյունային մասերին:
«Վերևի կլոր անկյունը մի քիչ ավելի բացված է, Մոսկովյանի հատվածինը՝ ավելի նեղ: Մինչև հիմա էլ այս շենքի մոտով անցնելիս, նայում եմ ուշադիր տարբեր ճարտարապետական դետալների ու մինչև հիմա էլ սովորում եմ որոշ բաներ: Ամեն ինչը շատ բարձր արվեստի, բարձր մակարդակի է հասցվել: Քաղաքային կերպար է՝ իր չափով ու Երևանի մասշտաբին համապատասխանող»,- ասում է նա:
Շենքը որքան ճարտարապետության առումով է նշանակալի, նույնքան էլ ապրած մարդկանցով:
«Մոսկովյանի անկյունից սկսած ապրում էր Հրաչյա Ներսիսյանը, ապա Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, երգիչ Շառա Տալյան, Օհան Դուրյան, Դավիթ Մալյան… Այդ շենքի ապրողները մեր պատմության մասնիկներն են: Շենքն իր հիշողության մեջ ունի այդ մարդկանց շունչն ու էությունը: Ապրողներն էլ են մեր պատմությունը»,- նկատում է ճարտարապետը:
Հրաչ Պողոսյանն ապրում էր դիմացի շենքում, և ամեն առավոտ տեսնում էր, թե ինչպես էր Հրաչյա Ներսիսյանն իջնում՝ ծխամորճը ձեռքին, ոտքով գնում թատրոն: Լևոն Ներսիսյանը՝ նրա որդին, նստում էր պատշգամբում, ոտքերը կախում ներքև ու զրուցում անցորդենրի հետ: Ավետ Ավետիսյանի որդին էլ Հրաչ Պողոսյանի եղբոր ընկերն էր, հաճախ էին գնում նրանց տուն. «Այսօր երանությամբ եմ հիշում այն ժամանակները, երբ շփվում էի այդ մարդկանց հետ»:
Շենքի առաջին հարկում կար արվեստի աշխատողների տուն: Մեծ դահլիճ էր, որտեղ հավաքվում էին կինոյի, թատրոնի աշխատողները, հանդիպումներ ու ժողովներ էին անում:
«Կար նաև արվետի ուղղվածությամբ գրադարան: Կենտրոն կար, որտեղ արվեստագետները կարող էին հավաքվել և շփվել իրար հետ»,- հիշում է Հրաչ Պողոսյանը:
Մանրամասն` տեսանյութում:
Տեսանյութում օգտագործվել են լուսանկարներ charkhchyan.wordpress.com-ից:
«Երևան դեժավյու» նախագծի նախորդ թողարկումները`
«Երևան դեժավյու». Հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով` Բաղրամյան պողոտան