Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի կրակոցների գործով առայժմ որպես վկա անցնող Վալերի Հովհաննիսյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, բայց իրեն թույլ է զգում ու չի կարողանում հարցերին պատասխանել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Վալերիի հետ միասին որպես վկա է այս գործով հանդես գալիս նաև Նորայր Հայրապետյանը, որոնց հետ էլ եղել է գործով մեղադրյալ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի վեճը:
Մեքենայի ճանապարհը բացելու շուրջ առաջացած վիճաբանության արդյունքում Գոռը մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այժմ Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է:
Օրերս նախագհի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հայրապետյանի կողմից ցինիզմ էր դրսևորվել, ինչն էլ պատճառ է եղել, որ Գոռ Առաքելյանը կրակի: Նաև հավելել էր, որ ինքն էլ լիներ Գոռի տեղը, ինքն էլ կկրակեր, բայց իր օրինական զենքով:
Այս գործի շրջանակներում, ըստ Էլբակյանի, բազմաթիվ տարաբնույթ հայտարարություններ են եղել, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Սակայն, ինչ վերաբերում է նախկին ոստիկանապետի հայտարարությանը, ապա տիկին Էլբակյանը շատ վրդովված է դրանից:
«Նախկին ոստիկանապետի հայտարարությունը չափից դուրս բացասական եմ գնահատում. եթե այսօր, այս պահին նա տիրապետում է գործի ամբողջ փաստական հանգամանքները, ապա դա հարցի մյուս կողմն է: Մենք այդ փաստերին չենք տիրապետում: Իսկ ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, թե կարելի է արդարացնել անօրինական զենքը կամ միջադեպերը այն էլ նախկին ոստիկանապետի մակարդակով, դա ինձ համար ոչ միայն բացասական է, այլ նաև տարակուսելի», -հավելեց մեր զրուցակիցը:
Փաստաբանի համար տարօրինակ է` որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել:
«Ո՞վ գիտի հիմա, թե այն պահին ի՞նչ է դրսևորվել այնտեղ: Ամեն ինչ եղել է այսպես` մեր վստահորդներից մեկի քիթը վիրահատված է եղել ընդամենը տասն օր առաջ, մարդն արնահոսել է, բարձրացել է տուն, որ իրեն կարգի բերի ու իջնի: Դուրս է եկել տանից ու այդ միջադեպը տեղի է ունեցել: Ցինիզմը այստեղ որտե՞ղ էր: Այսօր եթե ցինիզմից խոսելու լինենք, կարծում եմ, Հայաստանում ցինիզմի մասին այնքան կարելի է խոսել այլ դեպքերով», -հավելեց փաստաբան Էլբակյանը:
Նրա համար ցավալի է, որ առանց որևէ փաստական տվյալների նախկին ոստիկանապետը և այժմ բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման արտահայտություններ անել:
«Անօրինական զենքով քաղաքում շրջելը, հինգ հոգու վիրավորելը կարելի է արդարացվա՞ծ համարել: Իմ կարծիքով, նախկին ոստիկանապետը պետք է ընդամենը մեկ բան ասեր` թող զանգեր ոստիկանության վարչություն: Թասիբով տղամարդը զենքո՞վ պետք է իրեն ցույց տա: Մեր բոլորիս համար դա շատ բացասական է նման հայտարարությունը», -հավելեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց