«Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»
Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արցախի և Հայաստանի միջև մաքսակետի հնարավոր տեղակայմանը՝ հայտնեց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը.
«Այստեղ գալու ճանապարհին դուք անցել եք այդ տեղով: Որևէ մեկը ձեզ կանգնեցրեց անցակետո՞ւմ: Այնպես որ հետո էլ ոչինչ չի փոխվելու»:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը զինվորական է ու չի զբաղվում քաղաքականությամբ, սակայն, իր անձնական կարծիքը հայտնեց նաև բանակցություններին ԼՂ-ի մասնակցության հարցին. «Անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հիմնախնդիրը լուծել: Այս խնդիրը պիտի լուծի մեր ժողովուրդը, քանի որ մեր ժողովուրդն է իրականացնելու բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այնպես որ, երբ Լեռնային Ղարաբաղը սկսի մասնակցել բանակցություններին, այդ ժամանակ էլ կարող ենք ասել, որ, միգուցե խնդիրը լուծվելու է»:
Մովսես Հակոբյանը խոսեց նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցին. «Սա, իհարկե, շատ վատ է: Մենք պիտի հասկանանք, որ զենքը, ամեն դեպքում, գնում ու վաճառում են հակառակորդին սպանելու համար»: