Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման համար Թուրքիան ունի եթե ոչ քաղաքական, ապա բարոյական պատասխանատվություն. թուրքագետ
Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը Թուրքիայի և ծայրահեղ իսլամիստների համագործակցության հերթական դրսևորումներից է: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով, այլևս գաղտնիք չէ, որ Թուրքիան և ծայրահեղ իսլամիստները գտնվում են բարձր համագործակցության մեջ, Թուրքիան այլևս չի կարողանում թաքցնել իր համագործակցությունը, քանի որ ֆինանսական, ռազմական բացահայտ, երբեմն քողարկված աջակցություն է ցույց տալիս ծայրահեղ իսլամիստներին և նրանց էլ օգտագործում է իր շահերի համար:
«Թուրքիայի և ծայրահեղ իսլամիստների համագործակցության մի դրսևորում է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Երկու հանգամանք պետք է հաշվի առնել. նախ՝ ծայրահեղ իսլամիստներն այն վայրերում, որոնք գտնվում են իրենց տիրապետության տակ, ոչնչացնելու են և ոչնչացնում են բոլոր ոչ մուսուլմանական հուշարձանները, կոտորում են ոչ մուսուլման ժողովուրդներին, անգամ այն մուսուլմաններին, որոնց հետ դավանանքային խնդիրների ունեն, երկրորդ՝ Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին Հայոց ցեղասպանության կարևոր խորհրդանիշ-հուշարձանն էր հենց Դեյր էզ Զորում, որը նույնպես խորհրդանշական նշանակություն ունի, եկեղեցուն կից կար Ցեղասպանության փոքր թանգարան: Ընտրված օրը՝ Հայաստանի անկախության օրը և ընտրված հուշարձանի պայթեցումը չէր կարող կապված չլիներ Թուրքիայի հետ, քանի որ այդ խմբավորումն օժանդակություն է ստանում, ուղղորդվում է Թուրքիայի կողմից: Խմբավորման մեջ կան ազգությամբ թուրքեր, Թուրքիայի քաղաքացիներ: Դրանք այն նույն զինյալներն են, որոնք Թուրքիայի տարածքով մտնում էին Քեսաբ, ոչնչացնում հայկական հուշարձանները, թալանում քեսաբահայերի տները: Այսինքն բոլոր հիմքերը կան ենթադրելու և հայտարարելու, որ եկեղեցու պայթեցման համար, ըստ էության, Թուրքիան ունի եթե ոչ քաղաքական, ապա բարոյական պատասխանատվություն»,- ասաց թուրքագետը:
Ռ. Մելքոնյանի դիտարկմամբ, Թուրքիան պետք է արձագանքի այս դեպքին, և հենց այդ արձագանքի էությանից էլ պարզ կլինի նրա անկեղծության մակարդակը. «Բայց այն, որ Թուրքիան հստակ համագործակցում է իսլամիստների հետ, այն, որ հայկական կարևոր խորհրդանշական եկեղեցին դառնում է իսլամիստների թիրախը, ցույց է տալիս Թուրքիայի մասնակցությունը»:
Թուրքագետը նշեց, որ հայկական դիվանագիտությունը բավականին կոշտ ու դիտուկ հայտարարությամբ հանդես եկավ: Կարծում է, որ մոտ օրերին էլ հայկական դիվանագիտությունն ամենատարբեր բարձր հարթակներից կբարձրացնի այս հարցը:
«Մենք ականատես կլինենք այս հարցի միջազգայնացմանը: Բայց իրողություն է այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մերձավոր Արևելքում վերացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենակարևոր հուշարձաններից մեկը»,- ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Վ. Սարգսյան. Եթե Թուրքիան կապ չունի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման հետ, պետք է դատապարտող հայտարարություն անի (տեսանյութ)
«Դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը». ՀՀ ԱԳՆ