«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
«Դժվար որոշում է լինելու: Պատկերը շատ խայտաբղետ է: Իսկապես, կան լավ թեկնածուներ: Անուններ չեմ ուզում դեռ տալ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը՝ պատասխանելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած մյուս հավակնորդների մասին հարցին:
Հիշեցնենք, որ 14 հոգի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Նա նշեց, որ կան տարբեր թեկածուներ, ովքեր տարբեր ճանապարհներ են անցել, տարբեր կերպ են հասել այս մրցույթին. «Կան թեկնածուներ, ովքեր բավական ուժեղ են: Կան թեկնածուներ, ովքեր մարդու իրավունքների բնագավառում մեծ գործունեություն չեն ծավալել, թեև կարող է ունեն, ասենք, գիտնականի կոչում և այլ»:
Միաժամանակ Արա Ղազարյանն ասաց, որ պետք է հաշվի առնվի այն փաստը, որ ընտրում են ոչ թե իրավաբան մասնագետի, ոչ թե արբիտրաժի դատարանի դատավոր, այլ ընտրում են մարդու իրավունքների դատարանի դատավոր:
«Այստեղ կարևոր է տեսնել նրա անցած ճանապարհը, ինչպես է ընտրում ժողովրդավարության սկզբունքները, ինչ ներքին սկզբունքներ ունի, ինչպես է ընդհանրապես նա ապրում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բուն մրցույթի ընթացակարգին, Ա. Ղազարյանը կարծիք հայտնեց, որ հարցազրույցը թափանցիկ կանցնի, քանի որ ներկա են լինելու լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսինքն, ըստ նրա, հանրային, հասարակական վերահսկողություն կլինի, ընթացակարգերը կապահովվեն:
«Գնահատման դաշտում չգիտեմ, ինչ կլինի: Բալային համակարգ է, այստեղ հայեցողությունը կա»,- նշեց Արա Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է երկու փուլով, որից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:
Նախորդող հրապարակում՝
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ