Շիրակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ վարորդը հոգեբանական, բժշկական օգնության կարիք ունի
Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը գտնվում է շոկային վիճակում, վնասված է նրա գլուխը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը:
«Նա շոկային վիճակում է, ասում է տարեք ինձ ինչքան ուզում եք դատեք: Նոյեմբերի 14-ին Շիրակի մարզի դատախազին եմ դիմել, որ քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխեն «Դատապարատյալների հիվանդանոց», նշանակեն հոգեբան, ցուցաբերեն բժշկական օգնություն»,- ասաց փաստաբանը:
Լ. Բալյանը նաև տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ բացարկ հայտնելով քննիչին. «Քննիչը միակողմանի մեղադրանք է առաջադրել, փորձաքննությունների արդյունքներն առանց ուսումնասիրելու՝ ամբողջ մեղքը բարդել է Մանվել Վարդանյանի վրա»:
Վթարի հետ կապված պաշտպանը որևէ բան չհայտնեց՝ ընդգծելով, որ դեռևս փորձաքննության պատասխանները չկա: Լ. Բալյանը նշեց, որ Մ. Վարդանյանը եղել է սթափ վիճակում, այդ մասին է վկայում նաև բժշկական տեղականքը:
«Նրա ընտանիքը ծանր պայմաններում է ապրում: Ընտանիքի միակ աշխատողն է: Ունի անչափահաս երեխա: Ինքն իրեն չի ներում»,- ասաց փաստաբան Լ. Բալյանը:
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝)։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, խախտելով ՀՀ ՃԵԿ-ի 96 կետի, ձև № 1-ի 2.5 ճանապարհային նշանի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` պարտավոր լինելով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև՝ կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ, ստեղծել է վթարային իրավիճակ, մուտք գործել խաչմերուկ և բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենային:
Արդյունքում՝ առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է՝ անզգուշությամբ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի, ինչպես նաև ուղևորներ Մարինե Նազարյանի, Արամայիս Թումանյանի, Վանիկ Սարգսյանի, Հաբեթ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Դավիթ Հարությունյանի մահը: Ուղևորներ Կարեն Բաղդասարյանը, Հովհաննես Չախոյանը, Սամվել Հակոբյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Ալբերտ Շախնազարյանը, Հասմիկ Հովհաննիսյանը և Էդմոն Սիմոնյանը տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Մ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախորդող հրապարակումներ՝
Շիրակում ավտովթարի հետևանքով տուծաժ 14-ամյա ուղևորի վիրահատությունը բարահաջող է անցել
«Ծանրորդ Վանիկ Սարգսյանը բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու». մարզիկն ավտովթարի զոհերից մեկն է
Շիրակի մարզպետը՝ ողբերգական ավտովթարի մասին
Պարզվել է Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը. քննչական կոմիտե
Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին