«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմն այսօրվանից կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից իրենք այլևս կրճատված են ու կարող են աշխատանքի չներկայանալ, այսինքն՝ լուծարվելու է աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
«Իհարկե, սա չի նշանակում, որ գործարանն այլևս աշխատող չի ունենալու: Աշխատակիցներից կընտրվեն մարդիկ, ովքեր անհրաժեշտ են գործարանին: 400-500-ի հետ նոր պայմանագրեր կկնքեն»,- ասաց նա՝ տեղեկացնելով, այս պահին ունեն մոտ 2020 աշխատակից:
Ա. Հարությունյանի խոսքով, սա վաղուց հասունացած քայլ էր. «Այս քայլը պետք է վաղուց արվեր, որ աշխատավարձերն այսքան չկուտակվեր»:
Նաիրիտցիները, ըստ նրա, 12-16 ամսվա կուտակված աշխատավարձերի պարտք ունեն:
«Բնականաբար, բոլորն էլ շոկային վիճակում են: Չորս տարի է սպասում են: Գուցե այս տարիների ընթացքում այլ աշխատանքի հրավեր են ստացել, բայց չեն համաձայնվել: Անընդհատ վստահեցրել են, որ «Նաիրիտը» կաշխատի, գալիս է այս աուդիտը, այս կազմակերպությունը, այն կազմակերպությունը: Հենց այդ պատճառով են մարդիկ մնացել: Մենք երբեք չենք լսել, որ հիմա փակվելու է, լուծարվելու է, սնանկացվելու է»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նա հայտնեց, որ նոյեմբերի 28-ին նաիրիտցիները ստացել են մեկ ամսվա աշխատավարձ, ենթադրվում է, որ դեկտեմբերի ընթացքում կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ:
«Նաիրիտցիները համաձայն չեն, հինգշաբթի հավաքվելու են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ միայն մեկ ակնկալիքով՝ ընդառաջել, միջնորդել, որ նաիրիտցիների աշխատավարձը վճարվի»,- ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավարը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նոյեմբերի 27-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գործարանում 178 աշխատակից ստանում են բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչև 2 միլիոն 600 հազար դրամ. «Նոյեմբերի 28-ից նրանց աշխատավարձը մի քանի անգամ կրճատվել է: Նույնիսկ մեկ միլիոն դրամի մասին խոսք լինել չի կարող»:
Նախորդող հրապարակում՝
Մոտ օրերս «Նաիրիտ»-ի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ. Վստահեցրել է նախարարը