Իրանի միջուկային խնդրի կարգավորման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն արդեն երրորդ հանդիպումն են ունեցել: Արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու Ջոն Քերիի այս տարվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին՝ Ժնևում, երկու օր անց նրանք հանդիպեցին Փարիզում, իսկ նախօրեին՝ Դավոսի 45-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում:
Իրանի միջուկային խնդիրը վերջին տասնամյակի ընթացքում այնքան է խճճվել, որ կողմերը վերջնական համաձայնության հասնելու համար բավական բարդ ճանապարհ պետք է անցնեն, հետևաբար չպետք է սպասել, որ մեկ կամ մի քանի հանդիպումից հետո կողմերը ձեռք կբերեն վերջնական համաձայնություն:
Շատերին է հուզում այն հարցը, թե այդքան հաճախակի հանդիպումներից հետո ի վերջո առաջընթաց արձանագրվու՞մ է, թե ոչ, պե՞տք է շարունակել բանակցությունները, թե՞ ոչ:
Իրանի միջուկային խնդրի շուրջ զարգացումները եթե դիտարկենք երկկողմ (հիմնականում Իրան-ԱՄՆ) և աշխարհաքաղաքական իրավիճակի տեսանկյունից, ապա միանշանակ կարող ենք պնդել, որ առաջընթաց արձանագրվել է:
Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցած դրական զարգացումների, ժնևյան համաձայնագրի դրույթների և դրանց՝ Իրանի տնտեսության վրա ունեցած դրական ազդեցության մասին շատ է խոսվել:
Նախօրեին իրանական ԶԼՄ-ները տեղեկատվություն հրապարակեցին, որ Եվրոպական Միության գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Իրանի բանկային համակարգի և նավագնացության ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում:
Իսկ օրերս Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ սպառնացել է, որ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում ինքը վետո կկիրառի:
Մինչև ժնևյան համաձայնագրի ստորագրումը (2013թ. նոյեմբեր) աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի կայուն և կանխատեսելի էր, քան ներկայում, մինչև ժնևյան համաձայնագիրը Իրանի և Միացյալ Նահանգների իշխանությունները միմյանց հետ հարաբերվում էին որպես թշնամիներ, իսկ ներկայում նրանց ԱԳ նախարարներն այնքան հաճախակի են հանդիպում, որը տեղի չի ունենում նույնիսկ ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների դեպքում:
Օբաման օրերս հայտարարել է, որ նոր պատժամիջոցները Միացյալ Նահանգներին կհեռացնեն դաշնակիցներից: Սա այն բանի վկայությունն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների իշխանությունների մոտ առկա է քաղաքական կամք խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, ինչը տարածաշրջանի ներկայիս պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում առաջընթացի ամենացայտուն ցուցիչն է:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան