Գրեգ Սարգսյան․ ՄԻԵԴ-ում ընդդեմ Փերինչեքի հանդես են գալիս նաև 2 թուրքական կազմակերպություններ
Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում րոպեներ անց կմեկնարկի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը։ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Կանադայի «Զորյան ինստիտուտ» միջազգային հաստատության հիմնադիր և նախագահ Գրեգ Սարգսյանի հետ, ով հանդիսանում է ցեղասպանությունը վերապրածների ժառանգ։ 1982թ․-ին ստեղծված ինստիտուտի հիմնական նպատակն է եղել, ինչպես ասաց Գրեգ Սարգսյանը՝ հայ ժողովրդի պատմությունը պետք է գրենք մենք, այլ ոչ թե թշնամին։
«Փերինչեքի այս դատավարությունը և ցեղասպանության ուրացման հարցը մեզ համար գլխավոր նյութ է, քանի որ Զորյան ինստիտուտի գործունեության 3 հիմնաքարերն են ցեղասպանությունը, սփյուռքը և Հայաստանը»,-ասաց Գրեգ Սարգսյանը։
ՄԻԵԴ 2013թ․-ի դեկտեմբերի 17-ի որոշումից հետո, Գրեգ Սարգսյանի խոսքերով, հստակ եղավ, որ սա այն մասշտաբի և կարևորության հարց է, որ Զորյան ինստիտուտը, հայկական գլխավոր քաղաքական, ակադեմիական և հասարակական հաստատությունները պետք է ներգրավվեն գործում։
«Այսպիսի որոշումը խեղաթյուրում է պատմական իրականությունը, այն ցեղասպանություն կոչելու իրավունքը, որի համար պետք էր, որ գործում ներգրավվեին այս հարցով զբաղվող բոլոր հայկական հաստատությունները։ Փերինչեքի հայտարարությունների գլխավոր նպատակը ոչ թե ազատ խոսքն էր, այլ մասնավորապես հայության նկատմամբ ատելության սերմանումը»,-ասում է Գրեգ Սարգսյանը՝ բացահայտելով, որ իրենց հետ համակարծիք են և անգամ աշխատում են 2 թուրքական իրավական կազմակերպություններ։
Գրեգ Սարգսյանը հույս է հատնում, որ Թուրքիայի հասարակությունը կհասկանա, որի մասն արդեն իսկ հասկացել է, որ ատելության սերմանումը Փերինչեքի նման մարդկանց կողմից վնաս է Թուրքիայի ժողովրդավարացմանը։ Ահա այս հիմքով է, որ «Զորյան ինստիտուտը» և թուրքական իրավական կազմակերպությունները միասնաբար մասնակցում են Փերինչեքի այս դատին։
Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը, լինելով իրավագիտության դոկտոր և Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ, 2005թ․-ին տարբեր քաղաքնեում և Լոզանում քննարկումների, կոնֆերանսների ժամանակ հանդես է եկել հայտարարություններով, խստորեն հերքելով հայոց ցեղասպանության փաստը, միաժամանակ հայոց ցեղասպանությունն անվանելով «միջազգային սուտ»։ Այս փաստի կապակցությամբ Շվեյցարիա-Հայաստան միությունը դիմել է Լոզանի դատարան՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ ռասսայական խտրականության դրսևորման և քարոզման համար։ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216¬-րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար` ենթարկելով նրան ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9¬-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը և չէին բեկանել կայացված դատավճիռը: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17¬-ին Եվրադատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Ամիսներ անց շվեյցարական կողմը դիմեց ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով, ինչը բավարարվեց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան