Լորում Լորիկները շատ են. Վստահեցնում է գյուղապետը
Համայնքապետի առաջիկա ընտրություններում Սյունիքի մարզի Լոր գյուղի համայնքապետ Դավիթ Լորիկի Առուստամյանի միակ մրցակից Զոյա Լորիկի Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: Մտածեցինք՝ առաջադրված կին թեկնածուն գյուղապետի քույրն է, առաջադրումն ու ինքնաբացարկը կատարվել են նախնական պայմանավորվածության համաձայն՝ Ընտրական օրենսգրքի պահանջը ձևականորեն պահպանելու համար: Panorama.am-ի հետ զրույցում Դավիթ Առուստամյանը փարատեց մեր կասկածները: Նրա խոսքով, ինքն ու Զոյա Գրիգորյանը ազգակցական ոչ մի կապ չունեն, ոչ մի պայմանավորվածություն էլ չի եղել: Ավելին, գյուղապետը գյուղում հարազատ չունի:
«Ես էս գյուղում ոչ մի բարեկամ չունեմ: Երկու ախպեր ունեմ, երկու քուր ունեմ, ընտանիքներով Ռուսաստանում են: Գյուղում լիքն են Լորիկները»,-ասաց Դ. Առուստամյանը:
Նկատենք, որ գյուղի ավագանու հինգ անդամներից երկուսի հայրանուն էլ Լորիկ է: Օրինակ, Լիանա Լորիկի Գրիգորյանը ոչ մի կապ չունի ինքնաբացարկ հայտնած Զոյա Լորիկի Գրիգորյանի հետ: Էլ չենք ասում Նվերիկ Լորիկի Հովակիմյանի մասին:
Գյուղապետը ծիծաղով բացատրեց, որ գյուղի անվան պատվին բնակիչները նախկինում երեխաներին հաճախ էին Լորիկ կոչում: Բայց ավանդույթը երիտասարդները չեն պահում:
«Հիմա երիտասարդները քիչ են իրենց երեխաներին այդ անունը դնում, մեկ-երկու հատ: Երևի ընենց բան անուն չի էլի»,-ասաց գյուղապետը:
Ինչ վերաբերում է մարտի 15-ին կայանալիք ընտրությունների հնարավոր ելքին, ապա ՀՀԿ-ական ինքնաառաջադրված Դավիթ Առուստամյանը վստահ չէ, որ հաղթանակ է տոնելու:
«Այս պահին չեմ կարող ասել: Գյուղում ընդդիմություն էլ կա, լավ էլ գործում է: Միգուցե ընտրության պահին ինձ դեմ աշխատեն: Հանձնաժողովում գյուղից մի մարդ չկա»,-ասաց նա:
Նշենք, որ Լորիկում 259 ընտրող կա: Դ. Առուստամյանը գյուղը ղեկավարում է 2001 թվականից:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները