Նորք Մարաշում ողբերգական վրաերթ կատարած վարորդը եղել է անգիտակից ու չի հիշում՝ ինչ է կատարվել
Նորք Մարաշում ողբերգական վրաերթ կատարած վարորդ Ռազմիկ Ավետիսյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը պատրաստվում է այսօր ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությանը խնդրել, որպեսզի «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալին տեղափոխեն կամ կալանավայրի բուժմաս, կամ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Նրա առողջական վիճակը ծանր է, նա սրտի վիրահատություն է տարել: Վթարի ժամանակ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և գիտակցությունը կորցրել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ քննության նախնական տվյալներով փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռազմիկ Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեին՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա 8 ամսական երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաները մահացել էին, մյուս երեք քաղաքացիները տեղափոխվել բժշկական կենտրոններ։
Վթարի հետևանքով վնասվածքներ էր ստացել նաև Ավետիսյանի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն էր ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում
Փաստաբանը, ով որպես Ավետիսյանի պաշտպան գործում ներգրավվել է փետրվարի 22-ին, նշեց, որ իր պաշտպանյալը ղեկին գիտակցությունը կորցրել է, և երբ տեսել է նրան, խոսել հետը, նա նույնիսկ չի հիշել, թե ինչ է կատարվել այդ օրը: Լուսինե Մարտիրոսյանը բողոքարկել է խափանման միջոց կալանքն ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ Ռազմիկ Ավետիսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և չի կարող գտնվել անազատության մեջ:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը և անզգուշությամբ մարդու մահ առաջացնելը» հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ
Ուշացած քա՞յլ. Ինչ հիվանդությունների դեպքում վարորդական վկայական չի տրամադրվելու
Նորք Մարաշում ողբերգական վրաերթի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Նորք Մարաշում ողբերգական վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները