Հայտնի երաժիշտները ելույթ են ունենում աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի այս տարվա առաջին համերգը կայանալու է ապրիլի 2-ին: Հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Եվգենի Կիսինն ապրիլի 3-ին մասնակցելու է նաև փառատոնի ակադեմիայի բացմանը՝ Բյուրականում:
«Ակադեմիայում հայ հեռանկարային ուսանողները, երիտասարդ երաժիշտներն աշխարհահռչակ երաժիշտների կողմից, ովքեր համերգներով գալիս են Հայաստան, կստանան կրթական, մասնագիտական խորհուրդներ, հմտություններ: Շատ ենք կարևորում նման ակադեմիա ունենալու փաստը, մինչ օրս նման բան չի եղել: Մեծ հույսեր ենք կապում, մեր երիտասարդներին կարող է առաջ մղել, աշխարհահռչակ երաժիշտները կարող են նաև աջակցություն ցուցաբերել մեր երիտասարդներին միջազգային առաջխաղացման հարցում»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Երևանում ապրիլի 10-12-ին անցկացվելու է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի «Փառատոնային ընթերցումներ» խորագրով սեմինարը, որն ամեն տարի կազմակերպվում է ասոցիացիայի անդամ որևէ երկրում:
«Այս տարի մենք ենք հյուրընկալում: Արվեստի, փառատոնի մենեջմենտի երեք առաջատար մասնագետ, դասախոս են գալու, ովքեր երեք օր դասախոսություններ են կարդալու: Այդկերպ նրանք կաջակցեն փառատոների կազմակերպիչներին, արվեստի ադմինստրատորներին: Կարծում եմ՝ մեծ լիցք, նոր գիտելիք կհաղորդեն ոլորտի մասնագետներին: Դրա կարիքը մեզ մոտ կա»,- ասաց փառատոնի տնօրենը:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում ապրիլի 27-ին կայանալու է հայկական ծագում ունեցող օպերային աշխահահռչակ երգչուհի սպորանո Մարիա Կուլեգինայի համերգը:
«Տարիներ ի վեր քննարկվում էր երգչուհու՝ Հայաստանում մենահամերգ կազմակերպելու հարցը: Ապրիլի 27-ին կկայանա երկար սպասված մենահամերգը: Նա ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյան»,- տեղեկացրեց փառատոնի տնօրենը:
Ապրիլի 29-ին Երևանում ելույթ է ունենալու ամերիկյան լեգենդար «Քրոնոս» քառյակը. «Այս քառյակն առանձին երևույթ է քառյակների համաշխարհային պատմության մեջ: Խումբը հատուկ է պատրաստվել Հայաստանում ելույթ ունենալու համար: Նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին, ով ստեղծագործություն է գրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որի համաշխարհային պրեմիերան կայանալու է հենց Երևանում»:
Նաև տեղեկացրեց, որ փառատոնի աշնանային համերգաշարի ընթացքում նույնպես տեղի են ունենալու իրադարձային համերգներ, ինչպես միշտ, ելույթ են ունենալու աշխահահռչակ երաժիշտներ:
Ինչ վերաբերում է մարտի 28-ին Երևանում նախատեսված հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևի համերգին, Ս. Հովհաննիսյանն ասաց, որ այն տեղափոխվել է, սակայն ժամկետը դեռ հստակեցված չէ. «Համերգն, անշուշտ կայանալու է, նա գալու է Հայաստան»:
Խոսելով տարբեր երկրներում անցկացվող «Քեզ հետ Հայաստան» խորագրով համերգաշարի մասին, Ս. Հովհաննիսյանն ասաց, որ համերգները կայանում են աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ելույթ են ունենում բացառապես համաշխարհային համբավ ունեցող երաժիշտներ՝ Եվգենի Կիսին, Պինկաս Ցուկերման, Մաքսիմ Վենգերով, Միշա Մայսկի, Ջուլիան Ռաչլի, Սերգեյ Նակարյակով և ուրիշներ, նաև հայտնի նվագախմբեր: Համերգները նվիրվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Մեծ հռչակ, ճանաչում ունեցող արվեստագետներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ համերգների կազմակերպիչները «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ համագործակցում են:
«Քեզ հետ Հայաստան» համերգաշարի բացումը կայացել է մարտի 5-ին Երուսաղեմում: Ելույթ է ունեցել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը: Երկրորդ համերգը կայացել է Տալլինում: 1000 տեղանոց Սուրբ Հովհաննես եկեղեցում անզուգական կատարումներով հանդես է եկել Գրեմմի մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց պետական 50-հոգանոց երգչախումբը՝ «Հորտուս Մուզիկուս»-ը:
Բրյուսելում Մաքսիմ Վենգերովի, Միշա Մայսկու, Սերգեյ Նակարյակովի մասնակցությամբ ապրիլի 26-ին կայանալու է համերգաշարի երրորդ համերգը: Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելու է աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Համերգներ են կայանալու նաև Սանկտ Պետերբուրգում (Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիև), ամերիկյան Քարնեգի համերգասրահում, այնուհետև Լոնդոնում, Հռումում (մասնակցելու է Միլանի Լա Սկալայի հանրահռչակ ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ աշխահահռչակ դիրիժոր Դանիել Հարդինգի ղեկավարությամբ): Նոյեմբերին Վիենայում կկայանա «Քեզ հետ Հայաստան» համերգաշարի փակման համերգը:
«Այս համերգները ևս մեկ անգամ տարբեր երկրներում հասարակության ուշադրությունը սևեռում են Հայոց ցեղասպանության հարցի վրա: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ հենց օտարերկրացիներն են խոսում մեզ հուզող հարցի մասին»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը: