«Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների» (լուսանկարներ)
Այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի բացման արարողությունը, որին ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Համաժողովի բացմանը մասնակցել են նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քույր Եկեղեցիների հոգևոր պետեր և պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդում են, որ արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել ողջույնի և օրհնության խոսքով:
«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Սիրելի հոգևոր եղբայրներ,
Համաժողովի պատվարժան մասնակիցներ և հյուրեր,
Ողջունում ենք Ձեզ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպված այս համաժողովի առիթով և բերում օրհնություն համայն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Բազմաթիվ փորձություններ տեսած մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամռայլ և ողբերգական էջը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ծրագրված և իրագործված Հայոց Ցեղասպանությունն է, որին զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայորդիներ: Այսօր` 100 տարի անց, այդ ոճրագործությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մի շարք պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը` իբրև մարդկության դեմ գործված ծանրագույն հանցագործություն, վստահություն է ներշնչում Մեզ, որ այն պիտի ստանա համընդհանուր ճանաչում ու արդար գնահատական։
Քիչ են դեպքերը, երբ մի պետություն, որ ցեղասպանություն է կազմակերպել, ճանաչում և ընդունում է իր հանցանքը: Այս առումով Գերմանիան կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկա իշխանությունների և ցեղասպան այլ պետությունների համար:
Ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների, արժանապատվության ու արդարության ոտնահարում է, այլև խարխլում է միաջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության հիմերը և ծանր հարված հասցնում ազգերի և ժողովուրդների հարաբերություններին ու խաղաղ համակեցությանը:
Ժամանակին միջազգային հանրության կողմից ցեղասպանության հանցագործությունների անտեսումը, անդատապարտելի ու անպատիժ թողնելը, ինչպես և` ժխտողականությունը պատճառ դարձան, որ շարունակվի եղերագործությունների շղթան: Նույն չարահնար մտածողությամբ, որով կազմակերպվեցին հայերի սոսկալի, վայրագ ջարդերը, ծնունդ առան Հոլոքոստը, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:
Ցեղասպանության ոճրագործության ժխտման և այն անպատիժ թողնելու համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում: Ժխտողականության հանդուրժումը անտարբեր է դարձնում մարդուն իր նմանի տառապանքի հանդեպ և հանրության կյանքում լռեցնում բարոյական պատասխանատվության ձայնը` զրկելով նման սարսափի կրկնությունը կանխելու հանձնառությունից:
Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների:
Բարոյականությունը, որ պիտի լինի հիմնամուր սյունը հասարակական կյանքի և պետությունների քաղաքականության, դժբախտաբար, այսօր հաճախ զոհաբերվում է աշխարհաքաղաքական շահերին: Նման հանցավոր դիրքորոշման ու վերաբերմունքի հետևանքները ողբերգական են բազմաթիվ ժողովուրդների համար: Մեզ` հայերիս համար, դա մեկ ու կես միլիոն մեր հայրերի կյանքն էր, կորուսյալ մեր հայրենիքը, մասամբ ոչնչացված և մասամբ ոչնչացման վտանգին ենթակա մշակութային ժառանգությունը:
Այսօր մարդկությունն ականատես է նոր ողբերգությունների աշխարհի տարբեր կողմերում: Հազարավոր մարդիկ զոհ են դառնում ազգային-կրոնական անհանդուրժողականությանն ու ծայրահեղականությանը, մասնավորապես` Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես վերջերս Լիբիայում` Ղպտի և Եթովպիական Եկեղեցիների հավատացյալներ: Անմեղ կյանքեր խլող եղեռնագործությունները անկախ դրսևորման ձևերից ու եղանակներից` հանցագործություն են մարդկության դեմ և խստագույնս` դատապարտելի: Դրանց դեմ պայքարը` իբրև դարի մարտահրավեր, պարտքն է յուրաքանչյուր ժողովրդի, պետության, միջազգային հանրության և կառույցի:
Առաքյալն ուսուցանում է, որ եթե մարմնի մի անդամը տառապում է, մյուս անդամները ևս տառապում են նրա հետ (հմմտ. Ա Կորնթ. 12. 26)։ Հիրավի, այս վերջին հարյուր տարիների ընթացքին բազում պետություններ, ազգեր, Եկեղեցիներ, կրոնական ու միջազգային կազմակերպություններ և անհատներ կիսել են հայ ժողովրդի ցավը և իրենց դիրքորոշմամբ նպաստել, որ արդարությունը հաղթանակի։
Մենք վերստին երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ազգերին, Եկեղեցիներին և պետություններին, ովքեր ապաստան են տվել և սատարել մեր ժողովրդի տարագիր զավակներին` վերակերտելու ազգային և հոգևոր իրենց կյանքը, ինչպես և նրանց, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում համաժողովի մասնակիցներիդ` քույր Եկեղեցիների Պետերիդ, եկեղեցական և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներիդ, բարեկամ երկրների պետական այրերիդ, գիտության և մշակույթի գործիչներիդ և բոլորին, ովքեր այս օրերին մեր ժողովրդի հետ են և գովարժան նպաստ են բերում Հայոց Ցեղասպանության և մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների դատապարտմանը:
Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված խաղաղության և բարօրության մեջ պահպանի համայն աշխարհը, որ ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը: Թող Տերը օրհնի մարդկանց և ազգերի միջև եղբայրության ու արդարության ճանապարհները։ Ամեն»:
Նախորդող հրապարակումներ՝
Հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ. Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը
Վազգեն Մանուկյան. Ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել, ինչպես ապրել ենք
ԱԺ նախագահ. Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին