Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են. Կիպրոսի նախագահ (տեսանյութ)
«Մենք այստեղ ենք շատ առաջատար գործիչների հետ հայ ժողովրդի հետ միասին մասնակցելու Մեծ Եղեռնի 100-ամյակի ոգեկոչմանը, և բնական է, որ Կիպրոսը և Հայաստանը միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին»,- այս մասին այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ ասաց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Նրա խոսքերով՝ Կիպրոսը առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը յուրաքանչյուրի մասնակցությունը նպատակ է հետապնդում կենդանի պահել այս աննկարագրելի արարքի հիշատակը, հարգանքի տուրք մատուցել միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին 100 տարի առաջ:
«Մենք խմբով պարտավոր ենք հայտարարել և ուղերձ հղել, որ անպատժելիությունը չի կարող անպատժելի մնալ: Այս լույսի ներքո մենք համերաշխության ուղերձ ենք հղում: Հայաստանը և Կիպրոսը անպատժելիության զոհեր են, մեր պատմությունները փոխշաղկապված են»,- ասաց Կիպրոսի նախագահը:
Նա հիշեցրեց այն փաստը, որ 100 տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը բեռնված բազմաթիվ անձանցով, ովքեր անխնա հալածանքից էին փախչում, ապահով ապաստան գտան հարևան Կիպրոսում:
«Կիպրոսցիները հպարտ են այն փաստով, որ այս փախստականների թոռները և երեխաները այսօր Կիպրոսի հասարակության կարևոր և աշխույժ անդամներն են, ովքեր իրենց ծագումը պահպանում են և պաշտպանում են արժանապատվորեն: Մենք պարտավոր ենք անուշադրության չմատնել պատմական փաստի ողբերգական իրողությունը: Ազգի պատմության ընթացքում մենք հանդիպում ենք փառապանծ պահերի, նաև այնպիսի պահերի, երբ սխալները հանգեցրել են ողբերգական իրադարձությունների: Այս իրադարձությունների ճանաչումը որևէ հանգամանքներում չի սահամանափակում ազգերի ապագա դերակատարումը միջազգային հարաբերություններում: Այս տեսանկյունից ողջունում եմ նախագահ Սարգսյանի վճռական դիրքորոշումը: Իսկապես պատշաճ ժամանակն է, որպեսզի պատմական փաստերը ճանաչվեն, քանի որ դա ուղի կհարթի հարևան երկրի հետ հարաբերությունների նորմալացման համար և անկասկած կնպաստի համաշխարհային խաղաղության հաստատմանը»,- հայտարարեց Նիկոս Անաստասիադիսը:
Նա նաև հավելեց. «Պարոն նախագահ, պատվարժան հյուրեր, հարգելի բարեկամներ, մենք այստեղ ենք, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որը իր ուժով և ավյունով կարողացավ դիմագրավել, կենդանի մնալ միլիոնավոր նախնիների արյան գնով, ովքեր կամ նահատակվեցին, կամ կարողացան փախուստի դիմել: Այս ժառանգությունը կարևոր հիմք է հայ ժողովրդի ապագա սերունդների համար: Սա կողմնացույց է, որը պետք է ուղղորդի ոչ միայն ձեզ, այլ նաև քաղաքակիրթ աշխարհը: Միջազգային միջավայրը լի է մարտահրավերներով, բզկտված կոնֆլիկներով, սպառնալիքներով, տնտեսական ճգնաժամերով և քաղաքական անկայունությամբ: Մեծ եղեռնի հիշելը և վերապրողների հարգանքի տուրք մատուցելը շատ կարևոր է այսօր հայ ժողովրդի և հայկական սփյուռքի համար, և ողջ մարդկությունն է կրում այս պարտավորությունը: Մենք հիշում ենք և պահանջում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը