«Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները»՝ նույն վայրում
Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (2000 թ-ից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)՝ ղեկավարելով ստեղծագործական արվեստանոցներից մեկը: Այդ տարիներին նա շատերին է կրթել, նպաստել մասնագիտական հմտությունների զարգացմանը: Այսօր Իսաբեկյանի ու նրա ուսանողներից շատ շատերի ստեղծագործությունները ցուցադրվում են կողք կողքի:
Մայիսի 16-ին Հայ Արտ մշակութային կենտրոնի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում բացվելու է ցուցահանդես՝ «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» խորագրով:
Panorama.am-ի հետ զրույցում ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանն ասաց, որ ներկայացվելու է վարպետի 14 աշակերտի 24 ստեղծագործություն՝ Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան, Արամ Իսաբեկյան, Սարգիս Մուրադյան, Ռուբեն Հովնաթանյան և ուրիշներ:
«Դիմել եմ աշակերտներին՝ ստեղծագործություններ տրամադրելու համար, մեծ սիրով համաձայնվել են»,- ասաց Ի. Իսաբեկյանը:
Նա նշեց, որ նույն խորագրով ցուցահանդես կլինի նաև նոյեմբերին. «Վստահ եմ, որ մայիսի 16-ին բացվող ցուցահանդեսի ժամանակ լինելու են նկարիչներ, ովքեր ասելու են, որ իրենք էլ են եղել Իսաբեկյանի աշակերտները: Դրա համար ուզում եմ շարունակական լինի»:
Ցուցասրահի տնօրենի խոսքով, ցուցահանդեսների նման շարք կազմակերպելու հիմնական նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ Էդուարդ Իսաբեկյանի մեծությունը, վարպետությունը, մանկավարժի ձիրքը, ով կարողացել է այդպիսի աշակերտներ ունենալ:
«Իր պատմական նկարներով Իսաբեկյանը Վարդգես Սուրենյանցի կողքին է, բնության մեջ անկաշկանդ, նազանի կանացի իր կերպարներով՝ նա Ալեքսադր Բաժբեուկ- Մելիքյանի կողքին է, հայրենի բնությամբ և հերոսներով նա Դերենիկ Դեմերճյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի կողքին է: … Նա միայն ժողովրդական նկարիչ չէր, այլև հայրենասեր քաղաքացի: Նա քսան տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ստեղծել նրա մասնաճյուղերը հանրապետության տարբեր քաղաքներում, նրա ժամանակ ընդլայնվել է պատկերասրահի ցուցադրելի մակերեսը, նա էր Ռուբեն Դրամբյանի նման փայփայում հայ միջնադարյան արվեստի ցուցադրումը այնտեղ: Էդվարդ Իսաբեկյանի ծառայությունները գնահատվեցին նաև հետխորհրդային շրջանում: Նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր էր և «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահը»,- այսպես է նկարագրել Էդուարդ Իսաբեկյանին արվետագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը