Որտե՞ղ կայանեն տաքսիները, որ չտուգանվեն. Տաքսիների վարորդները կրկին բողոքի ակցիա են անցկացնում
Տաքսու վարորդները որոշել են հերթական բողոքի ակցիան անցկացնել։ Այն տեղի կունենա այսօր՝ ոստիկանության տուգանային հրապարակի դիմաց («Փոսի գայի»)։ Ակցիան կրելու է «Տաքսիների կայանատեղիների հարցը մնում է չլուծված» կարգախոսը։ Տաքսու վարորդների համար այսօր դա լուրջ խնդիր է, քանի որ կայանատեղերի բացակայության պատճառով ստիպված են լինում կայանել անհարմար վայրերում:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը, իրենք պահանջում են, որպեսզի տաքսիների համար կայանատեղիներ ստեղծեն: Դա, ըստ նրա, կնպաստի նաև մայրաքաղաքում ծանրաբեռնվածության թեթևացմանը:
Է.Սահակյանի խոսքերով՝ ինքն ավելի քան քսան տարի աշխատում է որպես տաքսու վարորդ և հիմնականում կայանում է Մաշտոց-Թումանյան փողոցների հատվածում, սակայն այսօր այդտեղ կայանելն արգելվում է: Բացի այդ, տեսախցիկները նկարում են և բազմակի անգամ տուգանվում են կայանման համար: Ընդ որում, լինում են դեպքեր, երբ մինչև տուգանքի առաջին ծանուցում ստանալը, անձը տուգանվում է 3-4 անգամ միևնույն խախտման համար:
«Մենք ասել ենք, որ մեզ համար տեղ հատկացնեն, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Ստիպված նորից կանգնում ենք այդ տարածքում, որից հետո տանում են տուգանային հրապարակ, ակտ են գրում, իսկ ամեն ակտը 5 հազար դրամ արժե: Մինչև ակտի գումարը չենք մուծում, մեքենաները տուգանային հրապարակից թույլ չեն տալիս հանենք»,- նշեց Է.Սահակյանը:
Նրա խոսքերով՝ իրենք պահանջում են, որպեսզի համապատասխան պաշտոնյաները այդ հարցը քննարկեն, տաքսիների համար կայանատեղիներ հատկացնեն և ոչ մի անօրինակ գործողություն իրենց հանդեպ չլինի:
«Մենք պահանջում ենք, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»,- ասաց Էմիլ Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները