Խանգելդյան. Չարենցավանում պայթյունը տեղի է ունեցել գազի լիցքավորման ժամանակ
Չարենցավանի գազալցակայանում պայթյունը տեղի է ունեցել գազի լիցքավորման ժամանակ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը, ավելացնելով, որ պայթյունի հստակ պատճառների մասին կարելի է խոսել փորձաքննության ավարտից հետո:
Գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների թիվն ավելացել է: Նախորդ տարվա ընթացքում գազալցակայաններում տեղի է ունեցել պայթյունի երեք դեպք, որոնք կազմել են ընդհանուր պայթյունների թվի 12 տոկոսը:
«Այս տարվա հինգ ամիսների ընթացքում գազալցակայաններում գրանցվել է պայթյունի չորս դեպք, ունենք երկու զոհ, չորս տուժած: Ընդհանուր պայթյունների թվում այս դեպքերը կազմում են 40 տոկոսը»,-ասաց Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը:
Հովհաննես Խանգելդյանը գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների պատճառների մասին, նշեց, որ դրանցից մեկը հանրապետությունում ավտոմեքենաների թվի աճն է. «Վստահ եմ, որ գազի բալոներն էլ են հնամաշ լինում»:
Կենտրոնի պետն ասաց, գազալցակայանի՝ փորձաքննություն անցած կամ չանցած լինելու վերաբերյալ տեղեկություններ չունի:
Նշենք, որ այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
Անդրադառնալով գազալցակայանների ստուգումներին ու վերահսկողությանը՝ նախարարը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին ստուգումներն իրականացնել խստացված ռեժիմով, խախտումների դեպքում դիմել համապատասխան միջոցների:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ի երեկոյան Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից Գ. Ս.-ը (ծնվ. 1960թ.), իսկ Մ. Խ.-ը (ծնվ. 1986թ.) հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Նախորդող հրապարակումներ՝
Ռուբեն Բադեյան. Գազալցակայաններում պայթյունների 90 տոկոսի դեպքում մեղավորը վարորդներն են
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանը, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել է 1 միլիոն դրամով. Արմեն Երիցյան
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին
Պայթյուն` Էջմիածնի մայրուղու գազալցակայանում