«Քաշքշում էին ինձ ու հարվածում էին առանց խնայելու». Պատմում է լրագրողը
«Քաշքշում էին ինձ ու հարվածում էին առանց խնայելու, ես գոռում էի, որ լրագրող եմ, միկրոֆոննն էլ ձեռքիս էր, սակայն ոչ մեկին դա չէր հետաքրքրում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում իր հետ կատարվածը ներկայացրեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը։
Նա տեղեկացրեց, որ իր նկատմամբ կատարված բնության հետևանքով պարանոցի, ձեռքերի և նաև դեմքի հատվածում վնասվածքներ է ստացել և քիչ հետո գնալու է բուժզննման:
«Ոստիկաններից բացի, քաղաքացիական հագուստով անձինք էին ակտիվ մասնակցում գործողություններին։ Ինձ ու մի խումբ ցուցարարների հրելով, հարվածելով ու քաշքշելով նստեցրել են ոստիկանական մեքենան ու տեղափոխել բաժին»,-ասաց լրագրողը` ընդգծելով, որ ոստիկանության բաժանմունքում մնացել է 40 րոպե և ոչ մի բացատրություն չի տվել, ընդամենը ասել է, որ ոստիկաններն իրեն ծեծել են:
Ավելի վաղ «Իրազեկ Քաղաքացների Միավորում» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, ոստիկանության գործողությունների հետևանքով տուժել են նաև ՀԵՏՔ-ի, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները: «Առաջին լրատվական»-ը տեղեկացնում է, որ իրենց օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը ևս բռնության են ենթարկվել, կոտրել են նաև նրանց տեսախցիկները:
Նշենք, որ հունիսի 22-ին ժամը 19:00-ին լրացավ էլէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները, շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները, որոնք մինչ այդ հայտարարում էին, թե անօրինական է հավաքը, փակել էին փողոցը, իսկ ցուցարարներն էլ ոստիկանական պատի դեմ ոչինչ չկարողացան անել և որոշեցին նստել փողոցի մեջտեղը:
Լուսադեմին, սակայն, ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործի դրեց և բռնի ուժ կիրառեց փողոցում նստած երիտասարդների նկատմամբ և ըստ տարբեր տեղեկությունների, շուրջ 200 մարդ տեղափոխվել են ոստիկանության տարբեր շրջանների բաժիններ:
Հարակից հրապարակումներ`
Հարուցված է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով. Նիկոլ Փաշինյան
Բաղրամյանում գործի է դրվել ջրցան մեքենան
Ոստիկանություն. Բանակցություններն արդյունքի չեն հանգեցրել, կիրառվել է ուժ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան