Պաշտոնական Ստեփանակերտը Ուորլիքին` Ո՞նց եք պատկերացնում
Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը:
«Եթե փորձ է արվում հետևանքներին անդրադառնալ, առանց պատճառները հաշվի առնելու, սա լավ բանի չի բերելու: Այն, որ այսօր ունենք այլ սահմաններ, այլ ռազմաքաղաքական իրավիճակ, սա պատերազմական պատճառների հետևանք է, եթե այդ պատճառները չեն լուծվում, ո՞նց կարող ենք անդրադառնալ հետևանքներին», -հավելեց խոսնակը:
Նրա խոսքով, այն պարագայում, երբ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, ապա տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ:
«Մենք բազմիցս ասել ենք, որ դեմ չենք քննարկել ցանկացած հարց, որ պատրաստ ենք քննարկել փախստականների խնդիրը, բայց դա պետք է լինի հավասար սկզբունքների հիման վրա: Չի կարող ադրբեջանական փախստականը վերադառնալ, եթե հայ փախստականը չի վերադառնում Բաքու, Սումգայիթ և այլ քաղաքներ, այնտեղ, որտեղ ինքը ապրել է, արարել», -նշեց Արցախի նախագահի ներկայացուցիչը:
Նա պնդեց, որ սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել:
«Մենք ասել ենք բազմիցս` տարածքների վերադարձ չի կարող լինել, քանի որ Արցախը նախկին սահմաններով ի վիճակի չէ գոյատևել, որովհետև չի կարող պաշտպանվել` լինելով անկլավային տարածք: Եվ բացի այդ, գայթակղիչ է դառնում հակառակորդի համար ռազմական ճանապարհով հարցը կարգավորելու և նոր ցեղասպանություն իրականացնելու համար: Սա փաստ է, պատմություն է, մենք տեսական բաներ չենք խոսում. 88 թվականից սկսած շրջափակել են, կոտորածներ են կազմակերպել նախկին ադրբեջանական ԽՍՀՄ ողջ տարածքում, սումգայիթյան կոտորած են կազմակերպել, հայաթափել են հյուսիսային Արցախը, հիմա ի՞նչ, այս ամենը մոռանանք ու վերադառնանք 88 թվականի սահմանների՞ն, որ վերջնականապես կոտորե՞ն մեզ: Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող է հակառակորդը նորից վերահսկողություն հաստատել Քարվաճառի վրա, որտեղ սկիզբ են առնում մեր գետերը, որտեղ սկիզբ են առնում Արփա, Որոտան գետերը և սնում Սևանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է ապահովում: Հակառակորդը թունավորելու է դա, ողջ Հայաստանը թունավորելու է, հաջորդ ցեղասպանությունն են կատարելու: Մենք նախադեպն ունեցել ենք, տեսել ենք` 90 թվականին նրանք դա արել են թունավորելով Ստեփանակերտի ջրամատակարարումը, բոլոր ընտանի կենդանիները ոչնչացվել էին, մեծ թվով մարդիկ տեղափոխվել էին հիվանդանոց», -ներկայացրեց Դավիթ Բաբայանը:
Դիտարկմանը, թե նույն Ուորլիքը հարակից տարածքները վերադարձնելուց հետո խոսել էր ԼՂՀ անվտանգությունը ապահովելու համար խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին, Բաբայանն արձագանքեց. «Ուրեմն, եթե ԽՍՀՄ հսկա պետությունը իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները: Այսքան տարի սահմանը պահում ենք առանց խաղաղապահների և շատ նորմալ որևէ խնդիր չկա, շատ ավելի կայուն է, քան շատ հակամարտ գոտիներում»:
Անդրադառնալով հակառակորդի կողմից այս օրերին հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին, Արցախի նախագահի խոսնակը նկատեց, որ դա տարօրինակ երևույթ չէ ու շարունակեց. «Ադրբեջանը միշտ էլ իրեն այդպես է պահել, ուղղակի մի տասը օր օլիմպիական խաղերի հետ կապված, կարծես թե ինքն իրեն զսպեց սեփական շահերից ելնելով: Բայց դա չի նշանակում, որ փոխվել է: Ադրբեջանը եղել է և մնում է ահաբեկչական և ֆաշիստական պետություն և ուրիշ պահվածք իրենից սպասել, ակնկալել չենք կարող»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան