Իտալացի դիրիժորը չի վախենում Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքից
Իտալացի դիրիժոր, Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն ներկա է լինելու սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունենալիք Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Նա Արցախ է մեկնելու ՀՀ առաջին տիկնոջ հրավերով, ում բարձր հովանու ներքո անցկացվելու է միջոցառումը:
«Հայաստան իմ այցի գլխավոր նպատակն է մեկնել Արցախ, ներկա լինել այդ կարևոր մշակութային միջոցառմանը: Բոլորիս այնտեղ համախմբում է երաժշտությունը, որը պրոպագանդում է խաղաղություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ջ.Մարչիանոն:
Դիրիժորն առաջին անգամ է լինելու Արցախում: Արցախի մասին միայն գիտի, որ շատ գեղեցիկ բնություն ունի:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ Արցախ այցելելուց հետո կհայտնվի Ադրբեջանի սև ցուցակում, ինչպես սովորաբար լինում է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների, նաև քաղաքական, հասարակական գործիչների դեպքում, Ջ.Մարչիանոն ասաց. «Մշակութային այս միջոցառումն, ինչպես ասացի, խոսում է խաղաղության մասին: Ուրախ եմ ներկա լինել այդ նախագծին: Վախենալ, քաղաքական հարցերից ելնելով չմասնակցել միջոցառմանը, այդպիսի բան հնարավոր չէ: Մշակութային միջոցառման հիմնական խորհուրդն է՝ բացել սահմաններն ու ապրել խաղաղությամբ: Ոչ ոք որպես արտիստ, նման նախագծերից, միջոցառումներից հետ չի կանգնի»:
Նշենք, որ Ջանլուկա Մարչիանոն այն չորս դիրիժորներից մեկն էր, ով 2015 թ. ապրիլի 24-ին ղեկավարել է «24/04» համաշխարհային նվագախումբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը:
Պատասխանելով մյուս հարցին, թե մտավախություն չունի՞, որ այդ համերգից հետո երբևէ Թուրքիայից հրավեր չի ստանա, դիրիժորը նշեց. «Ես կվախենայի նման իրավիճակից, եթե իմ ֆինանսականը և կարիերան դասեի ավելի վեր, քան մարդկային հարաբերությունները և գեղարվեստական արժեքները: Քանի որ ես նման դիրքորոշում չունեմ, չեմ վախեցել ու ելույթ եմ ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին, լինելու եմ նաև Ղարաբաղում: Եթե ինչ-որ երկիր ինձ հետ խնդիր ունի, որ ես որպես արտիստ կողմ եմ խաղաղությանը, արդեն դա տվյալ երկրի խնդիրն է, ոչ թե իմ»:
Նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում Ջանլուկա Մարչիանոն ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար: Կատարելու է Գ. Մալերի 1-ին սիմֆոնիան:
«Անհամբեր սպասում եմ այդ համերգին»,- ասաց նա:
Իտալացի արվեստագետը բացահայտել է, որ հայ կոմպոզիտորների գործերը շատ գեղեցիկ են. «Ապրիլի 24-ի համերգի ժամանակ հայ կոմպոզիտորների մի քանի ստեղծագործություններ կատարել եմ: Այժմ Ավետ Տերտերյանի ստեղծագործություններից մի քանիսի նոտաներն եմ ստացել, որպեսզի սովորեմ: Իմ երազանքն է կատարել Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան: Իմ պլաններում կա կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում»:
Խոսելով «Ալ Բուստոն» փառատոնի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համագործակցության մասին, փառատոնի գեղարվեստական ղեկավարն ասաց. «Առաջին անգամ, երբ նվագախումբը մասնակցեց փառատոնին, բոլորին հիացրեց իր պրոֆեսիոնալիզմով: Մենակատարները, ում հետ համագործակցել էր նվագախումբը փառատոնի շրջանակում, բոլորը գոհ էին: Ղեկավարությունը որոշեց, որ համագործակցությունը պետք է շարունակվի: Երկրորդ տարին մեր համոզմունքն ավելի ամրապնդվեց: Արդեն իսկ զարգացրել ենք գեղարվեստական ընկերություն: Փառատոնը վստահում է երաժիշտների բարձր կատարողական արվեստին ու որակին: Արդեն 2016 թվականի համար մշակել ենք հիանալի ծրագիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները