Էստուքյան. Քրդական շարժումը հայերին վերագրելու ամենալկտի փորձերն են արվում
Թուրքիայում այժմ արտակարգ ու քաոսային իրավիճակ է ստեղծվել: «Մեդիա կենտրոն»-ում «Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունները և դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով քննարկման ժամանակ տեսազանգի միջոցով հայտնեց «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը:
Նա երկրում ստեղծված իրավիճակը պայմանավորեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ինչպես նաև նոյեմբերի մեկին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումով:
«Որպեսզի նոյեմբերի մեկի ընտրություններում, եթե իհարկե տեղի ունենան դրանք, իշխող կուսակցությունը միահեծան հաղթանակ տանի, երկիրը վերածեցին պատերազմական գոտու: Այս ամենը վարպետորոն շրջանցվում է իշխանամետ մեդիայի կողմից»,-ասաց Բագրատ Էստուքյանը:
Խմբագիրը մտահոգություն հայտնեց, որ այսօր քարոզչություն է իրականացվում քրդական շարժումը որպես հայկական ներկայացնելու. «Իրենց քարոզչությունում նրանք համոզված են, որ հայի կերպարն արդեն համազոր է սատանային, հետևաբար, ինչը վարկաբեկել են ուզում կամ կապում են Հայաստանի հետ, կամ վերագրում հայերին: Ամենալկտի ու ամենակեղտոտ օրինակներ կարող ենք նշել: Ամենաշատը պնդվում է, որ զոհված ահաբեկիչները թլպատված չեն եղել: Այս պնդումով աշախատում են ապացուցել, որ նրանք հայ են և ոչ թե քուրդ»:
Միաժամանակ քննարկմանը Թուրքիայից միացած բանախոսը հայտնեց, որ Թուրքիայի հայ համայնքը մշտապես քվեարկել է աջակողմյան ուժերի օգտին:
«Սակայն վերջին ընտրություններին՝ հայ համայնքի մեծամասնությունը քվեարկեց Քրդական կուսակցության օգտին: Սա աննախադեպ օրինակ է, չնայած հայերն այստեղ այնքան են քչացել, որ իրենց քվեները ազդեցություն չունեն արդյունքների վրա: Սակայն Քրդական կուսակցության օգտին քվեարկեցին նաև ասորիները, հրեաները, սուիները»,-ասաց նա:
Խմբագիրը նշեց, որ տեղի ոստիկանությունը մանրամասն տեղեկություններ է հավաքել հայկական համայնքի վերաբերյալ, պարզելու, թե հնարավոր հարձակման պարագայում երբ է առավել հարմար պահը. «Այս բոլորը ոստիկանության կողմից ձեռք բերված տեղեկություններ են, ինչի վերաբերյալ պոլսահայությունը որոշ մտահոգություններ ունի»: