Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը Հայաստանում չի գործում. Իրավապաշտպան
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգի խնդիրները, չնայած պատկան մարմինների խոստումներին, չեն լուծվում և տարեց տարի դրանք խորանում են: Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» Հասարակական կազմակերպության տնօրեն Արման Դանիելյանը:
Հատկանշական է, որ ըստ Դանիելյանի, պայմանական վաղաժամկետ հանձնաժողովի ստեղծումից հետո պայմանական վաղակետ ազատ արձակվողների թիվը կտրուկ նվազել է` 5%-ից քիչն են ազատվում: Ավելին, հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն:
Նրա ներկայացրած տվյալներով, եթե 2013-ին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի որոշմամբ ազատվել է 226 դատապարտյալ, ապա 2014-ին նրանց թիվը եղել է 184:
«Հաշվի առնելով, որ մեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 4000-ից ավելի դատապարտյալ, ապա սրանք չնչին թվեր են: Դա խոսում է այն մասին, որ մեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը չի գործում», -հայտարարեց Դանիելյանը:
Իրավապաշտպանն առաջարկում է լուծումներ. նախ նրա խոսքով, պետք է լինի պատժի կրման կամ դատապարտյալններին ուղղելու, վերասոցիականացնելու ծրագիր, այնուհետև պետք է որոշվի` ինչպես են որոշում ազատ արձակել դատապարտյալին:
«Հույս կա, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ, այդ հարցը կլուծվի և կմշակվեն չափորշիչներ` ինչ հիմքով ազատ արձակել դատապարտյալին», -նկատեց Դանիելյանը:
ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ դատապարտյալի հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքներն իրականացվում են ըստ նախապես կազմված ծրագրի: Ինչ վերաբերում ընտանիքի հետ կապին, Մարգարյանի խոսքով, եթե դատապարտյալը տույժի չի ենթարկվել, ապա նրա հետ ընտանիքի անդամները կարող են հանդիպել:
«Դատապարտյալը եթե որևէ խնդիր չի ունեցել, ապա նրան տրվում է դրական բնութագիր, և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը որոշում կայացնելիս դա հաշվի է առնում: Բացի այդ, բանտարկյալների ռեժիմային փոփոխությունների վերաբերյալ նախագիծն արդեն կա», -հայտարարեց Մարգարյանը: