ՃՈ-ն մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանը ստուգելու սարքեր դեռ չունի
Ճանպարհային ոստիկանությունն այժմ տեխնիկական վերազինման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ՃՈ-ն ունի համապատասխան սարքեր ստուգելու մեքենաների ապակիների մգեցվածության չափը:
Ահարոնյանն ասաց, մի քանի օր առաջ տարածած հայտարարությամբ ոստիկանությունը մտահոգություն է հայտնել:
«Երբ տեխնիկական հարցերը լուծվեն, ոստիկանությունը մեկ անգամ էլ հանդես կգա հայտարարությամբ, վարորդներին կտրվի խելամիտ ժամանակահատված, թաղանթապատումը սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար, դրանից հետո միայն կհայտարարվի անցկացվող միջոցառումների մասին»,-ասաց Ահարոնյանը:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ճանապարհային ոստիկանության տեխնիկական վերազինումը կարող է շարունակվել 1-2 ամիս:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
Կառավարության որոշման համաձայն, տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:
Մոտ երկու տարի առաջ, երբ նման խոսակցությունները կրկին ակտիվացան, «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ոստիկանությունը ավտոմեքենաների ապակիների մգեցվածության թույլատրելի աստիճանը չափելու համար նախատեսված սարքերը դեռ չունի: Նրա խոսքով, առանց այդ սարքով ստուգելու, ճանապարհային ոստիկանը չի կարող տուգանել վարորդին. «Օրենքում նշված է, որ պետք է ապակիների մգեցվածության աստիճանը որոշվի սարքով»:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գրել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավտոշարասյունը երեկ գտնվել է Վարդաշենի ավտոտեխսպասարկման կետում: Գասպարյանը հրահանգել է աշխատակազմին հետևել ՃՈ կոչին: ՀՀ ոստիկանապետն իր ավտոշարասյունն ուղարկել է տեխսպասրակման կետ և անձնական օրինակով ցույց տվել բոլորին, որ անհրաժեշտ է և՛ ծառայողական, և՛ անձնական ավտոմեքենաների դիմապակու մգեցված թաղանթները հեռացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները