«Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
Հարցազրույց` Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանի հետ:
Panorama.am- Պարոն Զուրաբյան, կառավարության որոշումը` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին օտարելու և դահլիճի տեղում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման եկեղեցի կառուցելու մասին, գնահատեք խնդրեմ:
Զուրաբյան- Ինձ համար լրիվ անհասկանալի էր:
Panorama.am- Իսկ անսպասելի՞ էր:
Զուրաբյան- Այդքան էլ չէ, քանի որ քաղաքաշինության ոլորտում մեծամասամբ որոշումները լիարժեք չեն` ո’չ ի օգուտ քաղաքի են, ո’չ ի օգուտ հասարակական արժեքների, ո’չ ի օգուտ իսկական այն չափանիշների, որոնցով պայմանավորված է քաղաքաշինության-ճարտարապետության ոլորտը. Դրանցում, հիմնականում, անհատի շահերն են:
Տասնյակ տարիներ մենք գնում ենք այդ ուղղությամբ: Անզոր ենք պայքարելու, անզոր ենք կշեռքի վրա դնելու այն արժեքները, որոնք Մերն են: «Մեր»-ը պարտվում է «Իմ» -ին, որովհետև «իմ»-ը կոնկրետ գումարներ են, որոնք ներդրվում են:
Արդարացնում են հաճախ, որ հանրապետությունը գումարներ չունի, և կոմպրոմիսների են գնում ներդրումներ անողների համար: Եթե խելամիտ քաղաքականություն տարվի թե' քաղաքում, և թե' հանրապետությունում, ապա կարելի է այդ ինվեստիցիաներն էլ ունենալ, և հասկացնել, որ, ի վերջո, սա հեծանիվ չէ` մեկ րոպեի ապրանք չի, հավերժ բաներ են` Ճարտարապետություն է: Այն գումարները, որ ներդրվում են, պետք է խելամիտ ներդրվեն, որովհետև մենք հետո արդյունքում կա'մ դառը, կա'մ քաղցր պտուղ ենք քաղում…
Իհարկե, անսպասելի էր: Մտքովս անգամ չէր անցնի, բայց դե` նաև ոչ անսպասելի:
Panorama.am- Ի՞նչ լուծում կա, ինչ է հնարավոր անել. Բարձրաձայնե՞լ, գրե՞լ այս մասին:
Զուրաբյան- Հույսս հասարակայնության և մասնագիտական ոլորտի ձայնն է, իսկ սպասումներս նվազագույնն են: Ունեմ դառը օրինակներ:
Panorama.am- Գոնե հաջորդի դեպքում կդժվարանա՞:
Զուրաբյան- Ոչ էլ հաջորդը կդժվարանա. անձնական շահը գերակա է:
Իսկ կոնկրետ այս դեպքում անձնական շահը ես չեմ դիտարկում, որովհետև խոսքը գնում է եկեղեցու մասին, բայց, ի վերջո, եկեղեցին ծառայում է մշակույթին, ծառայում է ազգային արժեքներին, բարոյական արժեքներին: Եկեղեցին ինքնանպատակ չէ, այլ գործիք, միջոց, որի շնորհիվ մենք փորձում ենք ապրել խաղաղ մեր հոգևոր արժեքների հետ: Եկեղեցու նպատակը շատ կարևոր է: Սակայն քանդել մի մշակութային օջախ հանուն մյուսի` անիմաստ է: Ասում են, որ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղն է և այլն: Ցավալի է, լավ չեն արել, որ քանդել են, բայց ժամանակներն էին այդպիսին: Դա միակ եկեղեցին չէր, որ քանդվել է:
Քաղաքը զարգացել է, քաղաքն ունի իր կարկասը և էդ կարկասի մեջ` հաջողված ու անհաջող լուծումներ կան ճարտարապետության ոլորտում: Մասնավորապես այս` Ամառային դահլիճը ամենահաջողված լուծումներից է: Ճարտարապետներ են Սպարտակ Կնտեղցյանն ու Թելման Գևորգյանը: Կնտեղցյան Սպարտակի հետ ես աշխատել եմ 30 տարի, նա իմ ուսուցիչն է եղել, իմ ավագ ընկերը: Չափազանց մեծ հարգանքի արժանացած, բացառիկ անձնավորություն էր, փայլուն ճարտարապետ: Մեծատաղանդ մի գործ, որ այսօր էլ շատ արդի է: Լավ գործերը չեն հնանում: Այդ բարդ տեղում, այդ ծուղակում, որում հայտնվել էր քաղաքը և որն էր կինոթատրոն «Մոսկվայի» բակային հատվածը, շատ ավարտուն տեսք ունեցավ 60-ական թվականներին: Ոչ միայն Երևանը, կամ Հայաստանը, այլև` ամբողջ Խորհրդային Միությունն էր խոսում սրա ճարտարապետության մասին: Դա նորարարություն էր, դա մի քայլ էր, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ մենք ունենք մտածողության հնարավորություն` քաղաքակիրթ և արդի, որ մենք շնորհք ունենք, կարծիք, սկզբունքներ, մենք գիտենք, թե ինչ է նշանակում ճարտարապետությունը որպես բարձրագույն արվեստ: Եվ դա շատ ողջունելի էր: Երևանին նոր թափ, նոր էջ հաղորդեց, նոր թարմություն էր: Եվ երիտասարդությունը շատ մեծ ոգևորություն ապրեց այդ կառույցը հանձնելուց հետո էլ:
Ցավոք, ժամանակին քանդվեց կեսը: Կային նպատակներ, ճարտարապետական հորինվածքներ, բայց չիրագործվեցին: Մենք տարիներ շարունակ հույս ունեինք, որ Ամառային դահլիճը կվերականգնվի և հենց որպես ամառային դահլիճ: Այս դահլիճն իր ֆունկցիայով, հավանաբար, այնքան էլ հետաքրքիր չէ գործարարներին. Դժվարությամբ են կարողանում շահագործել ու արդեն հեշտությամբ փորձում են ազատվել:
Սա է այսօրվա իրականությունը:
Ցավոք, մեր հասարակական կուլտուրան դեռ բարձր չէ, որ ճիշտ գնահատվի այդ կառույցի զուսպ ճարտարապետությունը, այն էլ` երկաթ-բետոնից կառուցած, այլ ոչ` ինչպես այսօր ընդունված է` փայլուն նյութերից: Եթե մենք մի քիչ քաղաքակիրթ լինեինք (իսկ սա մշակութային առարկա է, մտած հուշարձանների ցուցակի մեջ), համոզված եմ` կարող էինք խնդիրը լուծել և դահլիճին կյանք տալ մի այլ կերպ:
Չգիտեմ, թե ինչով կավարտվի այս պատմությունը. ես պրակտիկորեն քիչ հավանական եմ համարում, որ մենք կհասնենք հաջողության` պահպանելու այս կառույցը: Կարծում եմ հաջողության չեն հասնի նաև այդ քաղաքականության կրողները: Քաղաքը կպարտվի: Այն կառույցները, որոնք այսօր կառուցվում են, սարսափելի տեսք ունեն, հիբրիդային կառույցների են նման, առարկայից հեռու են, կարծես թե ինքնուսի տպավորություն են թողնում: Մենակ թե, հայերեն ասած` «ջիգյարով» են արած:
Նոր եկեղեցի են կառուցու՞մ: Այնինչ, միջնադարյան մեր մարգարիտները տխուր վիճակում են: Ես անձամբ հաճախակի լինում եմ Օհանավանում, և մեր մարգարիտներից մեկի` Օհանավանքի կողքի կռունկը այն աստիճան է ժանգոտվել, որ ամեն րոպե կարող է շուռ գալ, և, ոչ երնեկ` վնաս հասցնել եկեղեցուն էլ: Բակն անմխիթար վիճակում է…
Այ, ես գիտեմ, որ Թիֆլիսը դասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն քաղաքների շարքը, որոնք պահպանվում են` որպես շատ հետաքրքիր, ինքնատիպ միջավայր: Այսինքն` տեսակ ունեցող քաղաքների շարքին է դասվում:
Տեսակն ամենակարևոր արժեքն է: Տեսակ. Լավ ու վատ չէ, այլ` ՏԵՍԱԿ: Մեր խոսքը ԱՅԼ է, մեր երաժշտությունն ԱՅԼ է, Մերն է և դրանով է պայմանավորված մեր գոյությունն ու մեր ապագան:
Նախորդող նորություն` Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան