Ս. Ռոստոմյան. Ջո Կոկերին Հայաստան հրավիրելը բավական բարդ էր
«Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում վաղը Երևանում եզակի համերգային ծրագրով հանդես է գալու համաշխարհային ռոք և բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը: «Բավական բարդ էր նրան հրավիրել Հայաստան` հաշվի առնելով և նրա տարիքը, և, ընդհանրապես, քիչ շրջագայելու փաստը: Բայց մեզ դա հաջողվեց ու դրան մեծապես օգնեց մեր փառատոնի կենսագրությունը ու այն աստղերի ցուցակը, որ այս 11 տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում ելույթ են ունեցել Հայաստանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Նա տեղեկացրեց, որ Ջ. Կոկերը, երբ որևէ երկիր է գնում, իր աշխատակազմից մարդ է ուղարկում` պարզելու, թե ինչպիսի պայմաններում է աշխատելու, որտեղ է համերգ տալու: «Հայաստան էր եկել նրա մենեջերը, ով աշխատում է աշխարհահռչակ շատ հայտնի արվեստագետների հետ: Նրա կողմից արված դիտողությունները հաշվի են առնվել մեր կողմից»,- ասաց Ս. Ռոստոմյանը` հավելելով, որ նրան շատ է դուր եկել Հայաստանը, իրենց հետ աշխատելը:
Նշենք, որ Ջ. Կոկերի համերգը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նա Հայաստան է գալու համերգից ժամեր առաջ, այսինքն լրագրողների հետ հանդիպելու ժամանակ չի ունենա:
Համերգի ընթացքում հնչելու են երգեր նոր ալբոմից, ինչպես նաև տարբեր տարիների ընթացում կատարած հայտնի երգերը:
Համերգի կազմակերպումը նախաձեռնել է Ամերիաբանկը` բանկի 100-ամյակի կապակցությամբ:
Խոսելով տոմսերի բավականին թանկ (30-60 հազար) լինելու մասին ու փորձելով պարզել, թե ինչո՞ւ է այդպես, Ս. Ռոստոմյանն ասաց. «Մենք պատասխան չունենք այդ հարցին: Աշխարհահռչակ երգչին Հայաստան բերելը բավական մեծ ֆինանսական միջոցների հետ էր կապված, ու Ամերիաբանկը բավական շատ գումար է ծախսել և ինչ-որ ձևով պետք է կոմպեսացներ դա: Տոմսերն ամբողջությամբ իրենց է»:
Թեև նախորդ համերգների ժամանակ փառատոնը մեծ քանակությամբ հրավիրատոմսեր է բաժանել, այս անգամ այդ հնարավորությունը, ինչպես ասաց փառատոնի տնօրենը, չունեն. «Այս փաստն ինձ տխրեցրել ու վշտացրել է»:
Նշենք, որ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15- ին Հայաստանում համերգային ծրագրով («Ալկոհոլ») հանդես է գալու նաև սերբ հանրահայտ երաժիշտ, երգիչ, կոմպազիտոր Գորան Բրեգովիչը իր մեծ նվագախմբով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում