Սոս Պետրոսյան. 2013-ի հոկտեմբերին կունենանք վերակառուցված կրկես
Երևանցի փոքրահասակների սիրելի վայրը` կրկեսը, արդեն մի քանի ամիս է, չի գործում: Վերակառուցվում է: 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը` ներդնելով մոտ 6 միլիոն դոլար: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել:
Վերակառուցման փաստը շատ է դուր եկել երևանցիներին:
«Հիանալի է: Պետք է շուտ վերանորոգվեր: Պայմանները շատ վատ էին: Անհամբեր սպասում ենք, թե երբ այն կբացի իր դռները»,- ասաց երևանցի Նունեն: 4-ամյա Գայանեի պապիկն էլ ասաց, որ իր երեխաներին բազմաթիվ անգամներ է տարել կրկես ու «հպարտացել եմ և մեր կրկեսով, և դերասաններով»:
«Բայց, իհարկե, արդեն վերանորոգման կարիք ուներ: Սպասեմ, տեսնեմ, թե երբ է բացվելու, որ թոռնիկներիս էլ բերեմ»,- ասաց նա:
Panorama.am-ը զրուցեց նաև «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Իոսիֆ Պետրոսյանի հետ:
-Պարոն Պետրոսյան, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված վերակառուցման նախագծով ու ե՞րբ կարող ենք մուտք գործել արդեն վերակառուցված կրկես:
-Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա օգոստոսից ու նախատեսված է, որ կավարտվի 2013 թվականի մինչև հոկտեմբեր: Ամեն ինչ արվում է, որպեսզի ժամանակները չխախտվեն: Գլխավոր ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Աշոտ Ավետիսյանը: Նախատեսված ծրագրով ամրացվելու է կրկեսի ներկայիս շենքը, ճակատը մնալու է նույնը, ավելանալու է ևս մեկ հարկ՝ 5-րդ հարկը, որը լինելու է դերասանների համար նախատեսված հյուրանոց: Բացի վերակառուցումից, ամբողջությամբ կթարմացվեն կրկեսի գույքը, սարքավորումները, տեխնիկական բազան:
-Արդեն կա՞ն ծրագրեր, թե ինչ ներկայացումներ են ցուցադրվելու վերակառուցված կրկեսում:
-Ես, որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար, արդեն մտածում եմ առաջիկա ծրագրերի մասին, բանակցություններ եմ վարում տարբեր երկրներում գործող խմբերի, դերասանների հետ: Մտածում ենք նույնիսկ 2014 թվականի ամանորյա ծրագրի մասին, որը պետք է առանձնահատուկ լինի, քանի որ երկու տարվա ընդմիջումից հետո մեր երեխաները պետք է ականատես լինեն յուրահատուկ ներկայացման: Մտածում ենք նույնիսկ 2014 թվականի մայիսին Հայաստանում կրկեսային միջազգային արվեստի մրցույթ անցկացնելու մասին:
-Մինչև կրկեսի վերաբացումը, ի՞նչ են անելու կրկեսի դերասանները:
-Կրկեսը հիմնական խմբեր չունի, պայմանագրային աշխատողներ են: Աշխարհում կրկեսի դերասանների մեծ պահանջ կա: Մեր դերասաններից շատերը պայմանագրով աշխատում են աշխարհի տարբեր երկրների կրկեսներում: Եթե լավ համար ունի, կրկեսի դերասանը չի կարող անգործ մնալ: Վերանորոգման աշխատանքներում ներգրավված են նաև կրկեսի տեխնիկական մասի աշխատողները:
-Այս երկու տարիների ընթացքում հայաստանցիները կրկեսային ներկայացումների կարո՞ղ են ականատես լինել: Ի՞նչ որ ծրագրեր կան:
-Ցանկանում ենք ամռանը կազմել երկու խումբ, որոնցից մեկը պետք է բարեգործական ցուցադրություններ կազմակերպի` այցելի զորամասեր, մանկատներ, անապահով երեխաների համար ներկայացումներ բեմադրի: Եթե ձեռք բերենք շապիտո` շրջիկ կրկես, կգնանք Ղարաբաղ, Հայաստանի տարբեր մարզեր: Կրկեսի դերասանը, ինչպես և մարմնամարզիկը, եթե մի օր փորձ չանի, չի կարող պահպանել իր ֆորման:
-Երևանի կրկեսն ունի՞ դերասանների պակաս: Եթե այո` ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ բացը լրացնելու համար:
- Կրկեսին կից գոյություն ունի Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող ստուդիա-դպրոց: Այժմ ստուդիայի շրջանավարտները են մեր պրոֆեսինալների խումբը համալրում: Կարողացել ենք հասնել նրան, որ ստուդիան անվճար լինի: Անձամբ շրջում եմ տարբեր դպրոցներ, թեև հայտարարություն էլ ենք տալիս, որ ստուդիան անվճար է, կասթինգ ենք անում, ընտրում ենք լավագույններին, բերում ու ընդունում ենք մեզ մոտ: Կրկեսային արվեստը մասսայական բնույթ չի կրում, ինչպես, օրինակ, պարայինը: Կրկեսային արվեստը դժվար է: Կրկեսի դերասանը պետք է օրական ամենաքիչը 6-7 ժամ պարապի, որպեսզի արդյունքի հասնի: Շատերը չեն դիմանում այդ տեմպին:
Այժմ վարձակալել ենք տարածք, որտեղ բնականոն հունով շարունակվում են պարապմունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին