Տիգրան Գասպարյանի բեմադրությամբ «Ջոն արքա»-ի փորձերը մոտենում են ավարտին. առջևում` «Գլոբուս» թատրոնն է
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շուտով կավարտվեն Շեքսպիրի «Ջոն արքա» ողբերգության փորձերը, որը նախ` կներկայացվի հայ հանրությունը, ապա…: 24 կերպարի փոխարեն` 12, առանց ձայնային ու լուսային էֆեկտների… Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանի «Ջոն արքա»-ն ներկայացվելու է Լոնդոնի շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում: Փառատոնի կազմակերպիչներն են ընտրել հենց այս ներկայացումը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:
Նշենք, որ անգլիացի մեծանուն դրամատուրգի ծննդյան օրը` ապրիլի 23-ին, կմեկնարկի գրողին նվիրված վեցշաբաթյա փառատոնը «Թատրոնից դեպի երկրագունդ» խորագրով: Փառատոնին կմասնակցեն 37 երկրների թատրոններ. յուրաքանչյուր երկիր իր մայրենի լեզվով է ներկայացնելու բեմադրությունը: Այս փառատոնը մասն է կազմելու մշակութային օլիմպիադայի, որը նվիրվելու է 2012 թ. Լոնդոնում անցկացվող ամառային օլիմպիական խաղերին: Փառատոնի կազմակերպիչները նախօրոք շրջել են այն բոլոր երկրներում, որոնք մասնակցելու են փառատոնին: Նրանք եղել են նաև Հայաստանում, դիտել Անտոնիո Բուերո Վալիեխոյի ստեղծագործության հիման վրա Տիգրան Գասպարյանի ու Արմեն Մարությանի բեմադրած «Գոյա» ներկայացումը:
Ս. Դավթյանն ասաց, որ հենց կազամակերպիչների պահանջն է եղել, որպեսզի քիչ դերասաններով խաղալ ներկայացումը, քանի որ բեմն է փոքր: Ներկայացման մեջ խաղալու են 10 դերասան և երկու երգիչ, որպեսզի կենդանի երաժշտություն ապահովվի: Հայ դերասանները փառատոնին հանդես կգան երկու անգամ` մայիսի 16-ին և 17-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները