ARTEXPO. Առաջին անգամ ցուցահանդեսին ներկայացված կլինի «Էրեբունի» թանգարանը
Այսօր երեկոյան Նկարիչների միության շենքում տեղի կունենա «ARTEXPO»-ի բացումը: Նախատեսվում է, որ բացման արարողությանը ներկա կլինի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացանք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այս կառույցի տաղավարը «ARTEXPO»-ում կրում է «Գրավոր ժառանգության ակունքներում» խորագիրը: Այն ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ:
Արգելոց-թանգարանն իրեն հատկացված տաղավարում կներկայացնի 2011 թվականին իրականացված ժամանակավոր ցուցահանդեսներից մեկը, որը բացվել է Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` ՀՀ Մշակույթի նախարարության կողմից հայտարարված տարվա թեմայի` «Գրավոր ժառանգություն» համատեքստում:
Այդ ցուցահանդեսի կազմակերպմամբ «Էրեբունի» թանգարանը նպատակ է հետապնդել սեղմագիր պաստառների միջոցով իր այցելուին «հարկադրել» մեկ անգամ ևս հանդես գալ որպես ընթերցող, մտորել թղթե նեցուկից և էլեկտրոնային կրիչից ընթերցանության շուրջ, ընտրություն կատարել տպագիր ու էլեկտրոնային գրքերի միջև:
«2011թ. հոկտեմբեր-նոյեմբերին բացված այս ցուցահանդեսը դիտել և ընթերցել են մոտ 4000 այցելուներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում միջին և բարձր դպրոցահասակները»,-վիճակագրությունը ներկայացրել է թանգարանը:
«ԱՐՏԷՔՍՊՈ»-ում արգելոց-թանգարանը կազդարարի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ` 2012թ. ապրիլի 18-ին թանգարանում բացվող մեկ այլ ցուցահանդեսի մասին, որը նախաձեռնվել է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 40-ամյակին ընդառաջ:
1972թ. Փարիզում ընդունված «Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիան», որին անդամակցում են 188 երկրներ, հանդիսանում է համաշխարհային ժառանգության պահպանության ամենից արդյունավետ գործիքներից մեկն ամբողջ աշխարհում:
1993 թվականից անդամակցելով Կոնվենցիային` Հայաստանը ևս մասնակցում է համաշխարհային ժառանգության պահպանությանը: Այս համատեքստում հանդես գալով Համաշխարհային ժառանգություն ճանաչված հնագիտական վայրերի լուսանկարների ցուցահանդեսով` կշեշտվեն այն չափորոշիչները, որոնց առկայության դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է «Համաշխարհային ժառանգություն» պատվավոր կարգավիճակը:
Անդրադառնալով հնագիտական համաշխարհային ժառանգությանը` արգելոց-թանգարանը նպատակ է հետապնդում բարձրացնել Հայաստանի հնագիտական ժառանգության նկատմամբ պատասխանատվությունը և մտորել Համաշխարհային ժառանգության ցուցակում հայկական հնագիտական վայրերը ներկայացված տեսնելու հեռանկարի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում