«Օպերացիա Նեմեսիս». Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ներկայացման պրեմիերան` ապրիլի 19-ին
Ապրիլի 19-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կկայանա Նարեկ Դուրյանի բեմադրած «Օպերացիա Նեմեսիս» ներկայացման պրեմիերան՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նեմեսիս է կոչվում արդար հատուցման և վրեժխնդրության հին հունական Նեմեսիդա աստվածուհու անունով։ Օպերացիայի նպատակն էր` 1915թ. հայերի կոտորածը կազմակերպած ու իրականացրած երիտթուրքական պարագլուխներին պատժելը։
1-ին Համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքական կառավարության և կուսակցության ղեկավարները գերմանական նավով Կոստանդնուպոլսից տարվում են Գերմանիա։ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Շաքիրը և այլոք դատավարության ընթացքում մեղադրվում են Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունը և կոտորածը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվում են մահվան։ 1919թ. աշնանը Երևանում կայացած Դաշնակցության 9–րդ համագումարը որոշում է ընդունում երիտթուրքերի պարագլուխների նկատմամբ դատավճիռն ի կատար ածել։
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Նարեկ Դուրյանը, ներկայացումը հիմնված է երկու մոտեցումների վրա` Պերժ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի, ինչպես նաև այդ գործողությունների մասին ֆրանսիացի պատմաբանների աշխատությունների: «Ներկայացման մեջ կսինթեզվեն էմոցիոնալը և պատմականը: Մեր իրականությունում այդ կարևորագույն պատմական եղելության փաստը անուշադրութան է մատնվել: Մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը և դա պետք է ներկացանենք մեր երիտասարդներին, որպեսզի իմանան՝ բացի մրցանակաբաշխություններից, ավելի կարևոր հարցեր կան»,- ասաց Ն.Դուրյանը:
Թատերագետ Արա Խզմալյանը կարևորեց այն հանգամանքը, որ Դուրյանը բացառիկ արտիստ է, ով ունի փայլուն ռիթմական զգացողություն: Ըստ նրա՝ թատրոնում այսօր թիվ մեկ խնդիրը ռիթմի ժամանակի զգացողությունն է: Այսօր բեմադրվում են ներկայացումներ, որոնցում բացակայում է ռիթմի զգացողությունը. կարծես մի մեծ գետ է հոսում և չգիտես որտեղից է սկիզբ առնում և որտեղ է ավարտվելու:
«Դուրյանը բացառիկ է ինչպես դերասան, այնպես էլ բեմադրիչ, քանի որ դրսևորում է փայլուն ռիթմական և ժամանակի զգացողություն: Այս ներկայացման մեջ ամենակարևոր մասը ռիթմամեղեդային պատկերն է: Դուրյանը դիրիժորի փայտիկը ձեռքին է աշխատում, այստեղ բնականաբար գեներն էլ մեծ նշանակություն ունեն»,- ընդգծեց թատերագետը:
Ա.Խզմալյանը նշեց, որ Դուրյանը ներկայացման մեջ չի տարվել թեմայով: Եթե ասում ենք Սողոմոն Թեհլերյան, ապա անմիջապես թեմայի մեջ ընդգրկում ենք ազգային խնդիրը, Հայոց հարցը և սպանում ենք արվեստի խնդիրը: «Ներկայացման մեջ կա ամբողջ ազգային խնդիրը, սակայն ամեն ինչ չէ, որ լրջացվել է: Ողբերգական պատմության մեջ պարբերաբար ներմուծվում են կատակերգական տարրեր և կերպարը դառնում է շատ ավելի մարդկային ու ընդունելի»,- ասաց նա և հույս հայտնեց, որ ներկայացումը հաջողություն կունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա