«Իդրամ»-ի աշխատակիցը սկսել է մտահոգվել Թերլեմեզյանի ճակատագրով
«Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի աշխատակից Գևորգ Պողոսյանը սկսել է մտահոգվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ճակատագրով և որոշել է «լուծել խնդիրը»:
«Ես Թերլեմեզյանն եմ ավարտել, հիմա աշխատում եմ «Իդրամ» վճարային համակարգում ու չորս ընկերներով որոշել ենք խումբ նախաձեռնել, որը միտված է Թերլեմեզյանի խնդիրը լուծելուն», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նկարիչների միության դահլիճում կազմակերպված հանդիպման նախաձեռնողներից Գևորգ Պողոսյանը:
Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկն սկսվեց այն ժամանակ, երբ նախկին տնօրեն, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի որդին` Նարեկ Առուշանյանը, ծանր հիվանդության հետևանքով անժամանակ մահացավ, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գևորգ Սողոմոնյանը, այնուհետև` Նարեկ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը:
Քոլեջի տնօրենի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 14-ին: Մինչ այդ պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է հայտ ներկայացնեն Կրթության, գիտության նախարարություն: Աննա Մնացականյանից բացի, այսօր նույն հանդիպման ժամանակ հայտնի դարձավ, որ տնօրեն է ցանկանում դառնալ քոլեջի դասախոս Դավիթ Դավթյանը:
Այս օրերին դժգոհողների մի մեծ խումբ է կազմվել, ովքեր «Facebook» սոցիալական ցանցում, հաշվի չառնելով դժբախտության փաստը, լուտանքներ են տեղում Պետրոսյանների ընտանիքի հասցեին` նշելով, որ քոլեջի տնօրենի պաշտոնը դարձրել են ժառանգական:
Նկարիչների միության դահլիճում այսօրվա հանդիպմանը ներկա էին նկարիչներ, Թերլեմեզյանի դասախոսներ, ուսանողներ: Մինչև հանդիպման պաշտոնական մեկնարկը, ինտերնետ վճարային համակարգի աշխատողը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թերլեմեզյանում «լուրջ խնդիր կա» և ուսանողներն ու դասախոսները «անհանգստանում են»:
«Ինչ-որ իրավունքներ կան, որոնք ոտնահարվում են, ինչ-որ դասախոսներ կան, որոնց նկատմամբ նկատողություն է արվում անհիմն պատճառաբանություններով, տարբեր տիպի խախտումներ կան քոլեջում», -ասաց քոլեջով մտահոգված երիտասարդը:
Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե «Իդրամում» աշխատելով Պողոսյանը ինչպե՞ս է իմանում, որ քոլեջում «ինչ-որ իրավունքներ» են խախտվում: «Քննարկումների ու զրոյցների արդյունքում եմ իմացել: Վերջին տասն օրվա ընթացքում նաև մի քանի անգամ այցելել եմ այնտեղ», -մեր հարցին պատասխանեց Պողոսյանը:
Փորձեցինք նաև տեղեկանալ, թե քոլեջն ավարտելուց հետո, նա ինչ-որ բանով օգտակար եղե՞լ է իր «կրթօջախին», հովանավորե՞լ է այս կամ այն երեխայի ուսման վարձը կամ ինչ-որ ներդրում ունեցե՞լ է ուսումնական հաստատության զարգացման գործում: «Ոչ, դա կապ չունի այս նախաձեռնության հետ: Ոչ մի անգամ ֆինանսապես որևէ օգնություն չի արվել Թերլեմեզյանին», պատասխանեց երիտասարդը:
Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանին Պողոսյանն ասաց չեն հրավիրել: «Նրա հետ կապվել չհաջողվեց», -ասաց նա: Նաև ասաց, որ կփորձեն հանդիպել տիկին Մնացականյանի հետ և քննարկել քոլեջի ապագայի հետ կապված հարցեր: «Աննա Մնացականյանը ինչ-որ խնդիրներ է տեսնում, լուծման ճանապարհներ է տեսնում և բնականաբար, մեզ համար դա շատ կարևոր է դրա համար անպայման իր հետ պետք է հանդիպենք», -հավելեց Պողոսյանը:
Հանդիպման ժամանակ նա ներկայացրեց քոլեջի զարգացման համար մշակված իրենց ծրագիրը ու խնդրեց ներկաներին «ինչ-որ խոսք» ասել տնօրենի թեկնածու առաջարկված Դավիթ Դավթյանի վերաբերյալ: Երկար ժամանակ նկարիչները դժվարանում էին մոտենալ ամբիոնին ու խոսք ասել: Երբ դահլիճում նստած նկարիչներից մի քանիսին խնդրեցին խոսք ասել, նրանք հրաժարվեցին: Փոխարենը ամբիոնին մոտեցավ Թերլեմեզյանի դասխոս Աննա Հովհաննիսյանը և ասաց, որ իր թեկնածուն Դավթյանն է, որովհետև «լավ մարդ է, ու երկար է աշխատել քոլեջում»: Մյուս բանախոսն էլ` քոլեջի դասախոս Վլադիմիր Աբրահամյանը զարմանք ու ափսոսանք հայտնեց, որ փոխտնօրեն Ալբերտ Գևորգյանը չի կարող նշանակվել որպես տնօրեն: «Նա մի ամբողջ կյանք է ներդրել ուսումնարանի զարգացման գործի մեջ», -ասաց նա` նկատելով, որ պաշտպանում Դավիթ Դավթյանին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Դավթյանն ասաց, որ տնօրեն է ուզում դառնալ, որովհետև անհրաժեշտ է համարում, որ «ավելի խորացվի մասնագիտական կրթությունը»: «Եթե մասնագիտական օջախներում լինում են մասնագիտությամբ ուրիշ մարդիկ, ինքը պետք է ուշադրություն դարձնի ինձ, քեզ, մյուսին, խորհուրդներ հարցնի: Ինքը կարող է լավ կառավարել, բայց գեղարվեստական մասը տուժվելու է», -ասաց տնօրենի պաշտոնի հավակնորդը: Նա համոզված է, որ իր մրցակից Աննա Մնացականյանը գեղարվեստական մասին քիչ ուշադրություն կդարձնի: «Ես Պետրոսյանների ընտանիքի հետ շատ լավ եմ եղել, մենք կապված ենք եղել Ալվարդի, Սամվել Պետրոսյանի հետ: Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ, ես ուզում եմ, որ Թերլեմեզյանը դառնա մասնագիտական օջախ», -նկատեց Դավթյանը:
Այս հանդիպման արդյունքներով որոշվեց նամակ ուղարկել Կրթության, գիտության նախարարին` Թերլեմեզյանի հետ կապված խնդիրը նախարարության «հսկողության տակ պահելու» խնդրանքով: