Իրանական կայք. Ադրբեջանը մտադիր է պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիին կեղծված տարբերակով ներկայացնել Չինաստանին
Ադրբեջանը պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիին կեղծված տարբերակով կներկայացնի 1.5 միլիարդանոց Չինաստանին: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը շարունակելով պատմությունը աղավաղելու իր քաղաքականությունը, իրանական մշակույթին պատկանող պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիի արձանն այս անգամ մտադիր է տեղադրել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Գյանջավիին ներկայացնելով որպես ադրբեջանական:
«Ադրբեջանի Հանրապետությունը վերջին տարիներին պատմությունը կեղծելու նպատակով նավթից ստացված փողերով գրքեր է հրատարակում, արձաններ է պատրաստում և ֆիլմեր նկարում»,-եզրափակում է իրանական աղբյուրը:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի ջանքերով Նիզամի Գյանջավիի արձանը կանգնեցվել էր նաև Հռոմի այգիներից մեկում: Այդ առնչությամբ՝ Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայելուչ չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին էլ «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին:
Իսկ ավելի վաղ, իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ ադրբեջանցի պատմաբան Սիրիուս Հաշեմովն, այդ առնչությամբ՝ նշել էր, որ Ադրբեջանը 1918 թվին ստեղծվել է իրանական Արան և Շիրվան տարածքներում, և այն ժամանակ, երբ Նիզամի Գյանջևին գրում էր իր «Խամսե»-ն , վերոնշյալ տարածքներն իրանական են եղել, հետևաբար 800 տարի առաջ այդ այդ շրջաններում ստեղծագործած Գյանջավին չի կարող ադրբեջանական համարվել:
Նախորդող տեղեկատվություն՝
Մոհամմադ Ջավադ Ադաբի. Իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջևիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին
Իրանի մշակույթի նախարարություն. Ադրբեջանի Հանրապետությունը գողանում է Իրանի մշակութային արժեքները
Իրանական կայք. Պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավին ծնվել է մի քաղաքում, որը ժամանակին Իրանի մաս է կազմել
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»