Նկարիչները աջակցում են «Նոր Հալեպ» սիրիահայերի թաղամասի ստեղծմանը
ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ այսօր «Էրեբունի» հյուրանոցի բիզնես կենտրոնի նախասրահում կազմակերպվեց սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման աջակցմանը միտված հայ անվանի նկարիչների հավաքածուի նախնական ցուցադրությունը: Ինչպես լրագրողներին հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սիրիահայերին աջակցելու կոչին արձագանքել են անվանի հայ նկարիչներ, որոնց թվում՝ Վահրամ Դավթյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Էդիկ Պետոյանը, Վահան Ռումելյանը, Հարութ Աղաջանյանը, ընդհանուրը՝ 30 նկարիչ `36 նկարով:
«Այս նկարիչները մի քանի նկար նվիրեցին սիրիահայերին՝ հուլիսի 17-ից 22-ը Մարսել քաղաքում «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» մշակութային օրերի շրջանակներում հիշյալ նկարների ցուցահանդես – վաճառքին, որի ողջ հասույթը կտրամադրվի թաղամասի շինարարական աշխատանների իրականացմանը», - ասաց Հ.Հակոբյանը` հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է թաղամասի կառուցման մասին համապատասխան որոշում և հատուկ հանձնարարական է տրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաև գործարար Հրանտ Վարդանյանի ընտանիքին՝ հօգուտ սիրիահայերի՝ թաղամասի համար ստեղծված հիմնադրամին շուրջ 43 միլիոն դրամ է փոխանցելու համար:
«Հուսով եմ, որ մեր այս նախաձեռնությունը հուսալի արդյունք կունենա», - եզրափակեց նախարարը՝ ներակյացնելով ցուցահանդեսի մասնակից հեղինակներին: