Սեր, Գաղափար, Գործողություն, Խիզախություն, Երազանք` «ՀԱՅ ՖԵՍՏ». Մուտքն ազատ է լինելու
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի հանդիսատեսին կներկայանա նոր ոճով և նոր տարբերանշանով՝ «Բարձրագույն քիմիա»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը ներկայացրեց «ՀԱՅ ՖԵՍՏ-2013»-ի տարբերանշանը, որն ունի Մենդելեևի աղյուսակի տեսքը: Տարբերանշանում տեղ են գտել Սերը, Գաղափարը, Գործողությունը, Խիզախությունը, Երազանքը և բոլոր այն տարրերը, առանց որոնց, ըստ կազմակերպիչների, անհնար է պատկերացնել փառատոնը:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կանցկացվի 12 օրում: «Մենք փառատոնը մի քիչ ձգեցինք, բայց բացեր չեն լինի, մենք ամեն օր կունենանք և՛ հայկական, և՛ արտասահմանյան ներկայացումներ»,- ասաց Արթուր Ղուկասյանն ու ընդգծեց, որ փառատոնը լեձլեցուն է ժանրերով:
Փառատոնի բացումը կազդարարի «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը, որը կկայանա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի մեկին: «Այս բեմականացումը կենդանի երաժշտության, կատարման ու հետաքրքիր կինոնկարների և անիմացիաների միաժամանակյա միասնություն է»,- ասաց փառատոնի ղեկավարը: Նա նշեց, որ ներկայացումը 2011թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնին լավագույնների շարքում էր:
Ըստ Արթուր Ղուկասյանի՝ լավագույն ներկայացումը Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդա»-ն է` ըստ Վ. Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի: «Ե՛վ որակական, և բրեդի իմաստով այն լավագույնն եմ համարում: Մենք երկար ժամանակ փորձում էինք նրանց Հայաստան բերել, բայց չէր ստացվում: Գումարները չէին բավականացնում: Այս անգամ հաջողվեց, ներկայացումը կլինի հոկտեմբերի 10-ին»,- ասաց նա:
Արթուր Ղուկակասյանն անդրադարձավ նաև փառատոնի նշանակությանը և ասաց. «Յուրաքանչյուր մշակութային միջոցառման իմաստը մարդկանց ակտիվացնելն է: Մարդ, որ գալիս է, լսում Մալերին, դժվար հետո դուրս գա ու թքի և այլն: Մենաք միշտ փորձում ենք բերել նորարական բաներ, փառատոնային ներկայացումներ, որոնք չես տեսնի թատրոնների խաղացանկում, այն զարգացնում է արվեստը:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները ARMS FEST ուսանողական ծրագրում: «կարևորը, որ մենք տեսնենք պրոցեսը, ուսանողների ներկայացումների մեջ ավելի շատ մեզ հետաքրքիր է, թե ինչպես է անում, ինչ միջոցներ է օգտագործում: Ինչքան ակտիվ լինեն ուսանողներն, այնքան լավ, երիտասարդությունն է, որ տալիս է այդ դրայվը: Դա ընդունելի է և շատ գովելի»,- նկատեց փառատոնի ղեկավարը:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ, որոնց ընթացքում կներկայացնեն կատարողական արվեստների ժամանակակից միտումները: Օրինակ, երկու դիմանկարիչներ նայելու են ներկայացումները և դիմանկարներ են անելու, որոնցով ներկայացնելու են, թե ինչպես են ստեղծվում դիմակները:
Փառատոնի միայն բացմանը մուտքը կլինի հրավիրատոմսերով, մյուս օրերին մուտքը ազատ է: «ՀԱՅ ՖԵՍՏ-2013»-ին հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ ` Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ին աջակցվում է ՀՀ մշակույթի նախարարությունը, որն այս տարի փառատոնին հատկացրել է 32 մլն դրամ: Փառատոնին աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը:
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները